Հայկական կողմի փոխզիջումը Լեռնային Ղարաբաղի չճանաչումն է, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ գերմանական Deutsche Welle հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հակադարձելով դիտարկմանը, թե Երևանը խոսում է Ղարաբաղի ժողովրդի ինքնուրույն ճակատագրի մասին՝ միաժամանակ, սակայն, չճանաչելով ինքնահռչակ հանրապետությունը:
«Եթե մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա էլ ինչի՞ շուրջ պետք է ընթանան բանակցությունները: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպեսզի ավելորդ չբարդացնենք իրավիճակը», - բացատրել է նախագահը, ով նախօրեին Երևանում զգուշացրել էր, որ լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում Հայաստանը ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը:
Բեռլինում տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ռազմական գործողություններն անակնկալ չսկսվեցին: «Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար»,- ասել է Հայաստանի ղեկավարը, պնդելով, որ դեռ երեք տարի առաջ է Ադրբեջանը հրաժարվել կարգավորման հիմնարար երկու սկզբունքներից՝ կենտրոնանալով բացառապես տարածքային ամբողջականության վրա: «Սա անհնար է», - ասել է Հայաստանի նախագահը:
Գերմանական լրատվամիջոցը հետաքրքրվել է Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ ուժեր, օրինակ՝ ռուսական զորք մտցնելու մասին, ինչին Սերժ Սարգսյանը արձագանքել է․ - «Մենք երբեք դրան դեմ չենք դրան, բայց մենք համարում ենք, որ խնդիրը պետք է կարգավորվի համապարփակ: Ընդհակառակը, մենք համաձայնվել էինք ստորագրել այն փաստաթուղթը, որը ենթադրում էր համապարփակ կարգավորում, և այդ փաստաթուղթը ենթադրում էր նաև խաղաղապահների տեղադրում շփման գծի ողջ երկայնքով: Ադրբեջանցիներն են հրաժարվել դրանից»:
Հայաստանի նախագահը հայտնել է, որ կրակի դադարեցման նախաձեռնողը եղել է Մոսկվան՝ միջազգային հանրության աջակցությամբ․ - «Ադրբեջանցիները մեծ կորուստներ կրեցին: Բացի այդ, Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը զանգահարեց հայաստանցի իր պաշտոնակցին՝ տեղեկացնելով, որ ադրբեջանցիները համաձայն են այդ հարցով Մոսկվայում հանդիպել հայկական կողմի հետ»:
Շարունակելով Ռուսաստանի թեման՝ Deutsche Welle-ն ևս անդրադարձել է Ադրբեջանին զենքի վաճառքին, Սերժ Սարգսյանին հիշեցնելով, որ Մոսկվան Երևանի ռազմավարական դաշնակիցն է:
«Ես երբեք չեմ ասել, որ Ռուսաստանը մեր հովանավորն է: Ընդհակառակը, ես Երևանում հայտարարել եմ, որ մենք չունենք հզոր հովանավորներ, երբեք Ռուսաստանը մեր նկատմամբ նույն դերակատարությունը չի ունեցել, ինչպիսի դերակատարություն ունի և ունեցել է Թուրքիան Ադրբեջանի հանդեպ», - հայտարարել է Հայաստանի նախագահը՝ շարունակելով․ - «Երկրորդ, մենք մշտապես, այո, ու նաև հրապարակավ, դեմ ենք արտահայտվել Ռուսաստանի կողմից զենքի վաճառքին Ադրբեջանին: Բայց մշտապես և հայտարարել ենք, և դա իրականություն է, որ Ռուսաստանը մեր ստրատեգիական գործընկերն է, մենք ռազմավարական դաշնակիցներ ենք, մենք ունենք ստորագրված պայմանագիր»:
Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ չնայած Ադրբեջանի պնդումներին՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը ոչինչ չի տա, հատկապես որ նախագահող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, բավարար միջոցներ ու հնարավորություններ ունեն ազդելու Լեռնային Ղարաբաղում զարգացումների վրա: