Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, երեկ կեսօրից հակառակորդն ինտենսիվ գնդակոծության է ենթարկել Հայաստանի սահմանագոտու դիրքերն ու հարակից բնակավայրերը։ Նույն հաղորդագրության համաձայն, գնդակոծվել է նաև ԼՂ Պաշտպանության բանակի պատասխանատվության գոտում գտնվող տարածքը: Հայաստանի զինված ուժերի և Լեռնային Ղարաբաղի ՊԲ ստորաբաժանումների «պատժիչ գործողություններից հետո» հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է։
Հրազենային վերք ստացած խաղաղ բնակիչներից մեկը Լեռնային Ղարաբաղի Թաղավարդ գյուղի բնակիչ, 27-ամյա Երվանդ Ֆիրյանն է։ Ղարաբաղի հեռուստատեսության տեսանյութում երիտասարդը պատմում է, որ վիրավորվել է այգում աշխատելիս:
Հրազենային վիրավորում ստացած մյուս քաղաքացին Հայաստանի Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ՝ 64-ամյա Նորիկ Ալիխանյանն է։ Նա տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը «Ազատությանն» ասաց, որ տուժածի մոտ առկա են բազմաթիվ վնասվածքներ, վիճակն այս պահին գնահատվում է բավարար։
«Հիվանդը երեկ երեկոյան է տեղափոխվել մեզ մոտ, հետազոտություններից հետո պարզվել է, որ նրա մոտ կա կրծքավանդակի բաց, ոչ թափանցող վնասում, երրորդ կողն է կոտրված, ունի թիակի կոտրվածք: Հիվանդի վիճակը գնահատվել է միջին ծանրության, տեղափոխվել է վերակենդանացման բաժին, կատարվել են համապատասխան վիրաբուժական մշակումներ, նշանակվել են համապատասխան դեղեր, ցավազրկողներ: Առավոտյան հիվանդի վիճակը գնահատել ենք բավարար, և հիմա նա հիվանդասենյակում է»,- տեղեկացրեց Մանուկյանը:
Շփման գծում տիրող վիճակի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը, որի տվյալներով, մարտի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերից, ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 13 000 կրակոց:
ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրուցում խաղաղ բնակչության գնդակոծումը «ահաբեկչություն» որակեց: «Գործ ունենք ահաբեկչական պետության հետ, դա նույն ահաբեկչությունն է, որն իր էությամբ չի տարբերվում Փարիզում, Բրյուսելում, այլ տեղերում կատարված ահաբեկչություններից և մարդասպանություններից»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Նրա պնդմամբ, Ադրբեջանը տոներին ընդառաջ միտումնավոր է սրում իրավիճակը՝ անտեսելով Մինսկի խմբի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի՝ Նովրուզի և Սուրբ Զատիկի տոներին հրադադարը խստորեն պահպանելու կոչը: «Սա մարտահրավեր է ողջ միջազգային հանրությանը: Կարծում եմ՝ ամոթ է, որ միջազգային հանրությունն այս առումով ավելի կոշտ դիրքորոշում չորդեգրի»,- ասաց ԼՂ ղեկավարի խոսնակը: