Մատչելիության հղումներ

Գասպարիի գործով դատավարութունն ավարտվեց


Շենգավիթի դատարանն այսօր ավարտեց շուրջ երկու տարի Վարդգես Գասպարիի դեմ ընթացող դատավարությունը և խորհրդակցական սենյակ հեռացավ՝ ակտիվիստին զրկելով վերջին խոսքից:

«Ըստ էության, դատարանը արձանագրում է, որ ամբաստանյալ Գասպարին հրաժարվում է հանդես գալ վերջին խոսքով: Դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ», - հայտարարեց դատավոր Նելլի Բաղդասարյանը՝ անտեսելով պաշտպանական կողմի հայտարարությունները, թե Գասպարին պատրաստ է հանդես գալ իր վերջին խոսքով:

Ավելի վաղ դատարանը նաև Գասպարիի փաստաբաններին թույլ չտվեց ավարտել պաշտպանական ճառը այն բանից հետո, երբ պաշտպան Տիգրան Եգորյանը սկսեց մեջբերել դատավորի հասցեին Գասպարիի արած այն արտահայտությունները, որոնց համար էլ նրա դեմ քրեական գործ է հարուցվել: Դատավոր Նելլի Բաղդասարյանը պարբերաբար ընդհատում էր ճառը՝ պնդելով, թե այն գործի հետ առնչություն չունի:

«Դուք շարունակում եք անհեթեթ մտքեր արտահայտել, դա հասկանալի է ինչ նպատակ է հետապնդում: Հակառակ դեպքում՝ ես կընդհատեմ Ձեզ: Շարունակեք Ձեր ճառը», - զգուշացրեց դատավորը:

«Այստեղ միակ անհեթեթ մտքերի անգերազանցված հեղինակը, հարգելի դատարան, կարծում եմ՝ Դուք եք», - հակադարձեց փաստաբանը:

«Ուրեմն ես կընդհատեմ Ձեզ և կարձանագրեմ, որ Դուք, ըստ էության, հրաժարվում եք հանդես գալ ճառով», - եզրակացրեց դատավորը:

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին մեղադրվում է 2014 թվականի ապրիլին Վարչական դատարանի դատավորներից մեկին վիրավորելու համար: Քրեական այս գործի շրջանակներում ակտիվիստն անգամ 7 օրով կալանավորվել էր: Նախորդ դատական նիստին մեղադրական կողմը պահանջել էր Գասպարիին 400,000 դրամով տուգանել:

Վերջին խոսքի իրավունքից զրկված Գասպարին դատարանից դուրս կրկին հայտարարեց՝ որևէ մեկին չի վիրավորել, ինչ վերաբերում է դատարանում արտասանելիք իր վերջին խոսքին, ասաց․ - «Ես ուղղակի պետք է կրկնեի այն, ինչ ասել եմ Վարչական դատարանում: Մարտի 1-ից մինչև այսօր՝ 8 տարի, այդ մարդասպաններին թաքցնում են իրենց թևերի տակ, իսկ այն քաղաքացին, ով իրենց ասում է մարդասպան, նրա դեմ քրեական գործ է հարուցված»:

Ակտիվիստի փաստաբանները մոտ երկու տարի շարունակվող դատաքննությունը արդարադատության նկատմամբ ծաղր են որակում, դատավորին պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմելու են Արդարադատության խորհուրդ:

Դատարանը վճիռը կհրապարակի առաջիկա երեքշաբթի:

XS
SM
MD
LG