Մատչելիության հղումներ

Իրավապահները պնդում են, որ Գասպարին դատահոգեբանական փորձաքննության ենթարկվի


Վարդգես Գասպարին Նորքի հոգեբուժական հիվանդանոցում, 24-ը փետրվարի, 2016թ.
Վարդգես Գասպարին Նորքի հոգեբուժական հիվանդանոցում, 24-ը փետրվարի, 2016թ.

Սահմանադրական հանրաքվեի ընթացքը խոչընդոտելու մեջ մեղադրվող Վարդգես Գասպարին այսօր կրկին Նորքի հոգեբուժարանում էր։ Իրավապահները շարունակում են պնդել՝ ակտիվիստը պետք է դատահոգեբանական փորձաքննության ենթարկվի, քանի որ հարցաքննության ընթացքում խոսել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին։

«Բոլոր իրավապահներին նույն հարցը տվել եմ, մինչև նա չհավաստի, որ էդ բռնություններին չի մասնակցել, ես իր հարցերին չեմ պատասխանում՝ անկախ դրա հետևանքներից։ Իրենց համար չափազանց տարօրինակ է, որ մարդը պատվախնդիր է իր համաքաղաքացիների կյանքի և արժանապատվության համար»,- ասաց Գասպարին։

Ակտիվիստը քրեական այս գործի շրջանակում անցած շաբաթ մեկ անգամ արդեն տեղափոխվել էր հոգեբուժարան։ Փորձաքննությունը տեղի չէր ունեցել, քանի որ փաստաբանները բողոքարկել էին այդ որոշումը։

Թեև դատախազությունը դեռ չի արձագանքել, իրավապահները փորձաքննություն անցկացնելու պահանջով կրկին ծանուցում են ուղարկել ակտիվիստին։

«Չի կարող դատահոգեբուժանական փորձաքննությունը անցկացվել, քանի որ այդ բողոքը հնարավոր է բավարարվի հետագայում, և վերացվի քննիչի որոշումը, իսկ այդ դեպքում կառաջանա անդառնալի հետևանք իմ վստահորդի իրավունքների խախտման տեսանկյունից»,- ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը։

Դատախազության հետ խորհրդակցությունից հետո քննիչն ի վերջո համաձայնեց հետաձգել փորձաքննությունը։ Փաստաբան Եգորյանն այսօր քննիչի հետ զրույցից հետո պնդեց, թե ինքն է կասկածի տակ դրել վերջինիս հոգեկան առողջությունը։

«Եվ զայրացավ, ասաց՝ «եթե ինչ-որ մեկը իմ հոգեկան առողջության վրա կասկածում է, ես էլ կարող եմ անցնել փորձաքննություն»։ Ես էլ առաջարկեցի, որ մինչև Վարդգես Գասպարիի փորձաքննությունը, նախ ինքը անցնի։ Բայց նա խուսափեց՝ ասելով, որ յոթ տարի առաջ անցել է գործի ընդունվելուց։ Ես խնդրեցի բժշկական թղթերը ներկայացնել, խոսքը կտուրը գցեց և հեռացավ»,- ասաց փաստաբանը։

Այսօր ավելի վաղ հետաձգվեց նաև Վարդգես Գասպարիի դեմ դատավարությունը։ Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ մեղադրվող ակտիվիստը նախորդ նիստին գետնին պառկելու համար հեռացվել էր դահլիճից։ Որոշումը կայացրած դատավորը, սակայն, նիստի մեկնարկին զարմացավ՝ Գասպարիին չտեսնելով։ Պնդեց, թե չեղարկել է որոշումը, ինչը, սակայն, անակնկալ էր նաև փաստաբանի համար։

«Ակնհայտ է, որ դատավորը լավ չի կողմնորոշվում, թե ինչ է ցանկանում, ինչ է անհրաժեշտ դատական այս պրոցեսի համար, ինչպիսի միջոցներն են համաչափ և պիտանի, և արդյունքում ունենում ենք այսպիսի խառնաշփոթ, որից նաև դատավորը գլուխ չի հանում»,- ասաց Եգորյանը։

XS
SM
MD
LG