Մատչելիության հղումներ

Ջոն Քերրին այսօր կժամանի Մոսկվա


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ

Մոսկովյան բանակցությունների հիմքում Սիրիայի և Ուկրանայի հարցերն են։

Այսօր Մոսկվա է ժամանում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին։ Նախատեսված են նրա բանակցությունները Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Երեկ Կրեմլը հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ջոն Քերրիին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, լրագրողների հետ զրույցում, ասել է, որ կողմերը կքննարկեն հարցերի լայն շրջանակ։ «Սակայն օրակարգի ամենակարևոր և առաջնային հարցերը Սիրիան և Ուկրաինան են», - ասել է Պեսկովը։

Պետքարտուղարի այցի մասին հայտարարվեց մարտի 15-ին՝ Սիրիայից ռուսական զորքերի հիմնական մասը դուրս բերելու շուրջ Պուտինի անսպասելի հայտարարությունից հետո։ Այդ որոշման մասին Պուտինն անձամբ հեռախոսով ասել էր Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային։ Զրույցին հաջորդել էր Վաշինգտոնի հայտարարությունը Քերրիի՝ Մոսկվա կատարելիք այցի վերաբերյալ։

Վաշինգտոնն ընդգծել է, որ մոսկովյան բանակցությունների հիմքում Սիրիայի և Ուկրանայի հարցերն են, այդ թվում՝ նաև ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի հարցը, ում երեկ Ռուսաստանի Դոնեցկի քաղաքի դատարանը դատապարտեց 22 տարվա ազատազրկման։

Երեկ երեկոյան Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ ազատել Սավչենկոյին։

Մոսկվան ակնկալում է, որ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Քերրին Մոսկվայում կքննարկի նաև միջազգային ահաբեկչության դեմ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միասնական պայքարի հարցը։

«Ահաբեկչությունները Բրյուսելում իրենց ազդեցությունը կունենան Քերրիի մոսկովյան բանակցությունների օրակարգի վրա։ Խոսք կլինի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների՝ միջազգային ահաբեկչության դեմ ուղղված միասնական քայլերի մասին», - երեկ հայտարարել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Օզերովը։

Վերջին անգամ ԱՄՆ-ի պետքարտուղարը Մոսկվայում էր 2015 թվականի դեկտեմբերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG