Մատչելիության հղումներ

Վենետիկի հանձնաժողովի փորձագետները հանդիպում են ԱԺ խմբակցությունների հետ


Ըստ «Ժառանգության» փոխնախագահի, Վենետիկի հանձնաժողովը չի պնդել, թե քվեարկությունից հետո ցուցակների հրապարակումը գաղտնիության սկզբունքի խախտում է։

Վենետիկի հանձնաժողովի փորձագետները Հայաստանի Ազգային ժողովում հանդիպում են խորհրդարանական խմբակցությունների հետ՝ քննարկումներ անցկացնելով նոր Ընտրական օրենսգրքի շուրջ:

Հանձնաժողովն արդեն հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը փոխանցեց, որ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները խմբակցության հետ հանդիպման ժամանակ չեն պնդել, թե քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը գաղտնիության սկզբունքի խախտում է:

«Ակնհայտ է, որ Վենետիկի հանձնաժողովն իր որոշումներն ընդունում է՝ հիմք ունենալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացությունները, որովհետև աշխարհում թիվ 1 դիտորդական առաքելությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն է, և նա է պրոֆեսիոնալ գնահատական տալիս, և նորից եմ կրկնում, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջին եզրակացության մեջ շատ կարևոր է, որ միանշանակ նշվեց քվեարկած քաղաքացիների ցուցակները հրապարակելու խնդիրը», - ասաց Մարտիրոսյանը։

ԲՀԿ-ի և կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը փոխանցեց, որ հանդիպման ժամանակ փորձագետներին իր բազմիցս ուղղած՝ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակմանը նրանց վերաբերմունքին առնչվող հարցին հստակ պատասխան այդպես էլ չի հնչել:

Զոհրաբյանն ասաց, թե իր տպավորությամբ՝ Վենետիկի հանձնաժողովի փորձագետները չեն պնդի, որ ցուցակները հրապարակվեն:

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, հանդիպումը ձևական բնույթ չի կրել, բավական երկար է տևել, փորձագետները ուշադրությամբ լսել են Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ՀԱԿ-ի պատգամավորների առաջարկները:

ՀԱԿ-ը Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ իր չորս առաջարկներին ավելացրել է ևս մեկը՝ մաքուր համամասնական ընտրակարգ՝ առանց մեծամասնականի տարրերի:

«Այս պահին, այսպես ասեմ, նախագիծը կա, դա ընտրություններից հետո ստորագրված ցուցակների հրապարակումն է, դա ցուցակների մաքրումն է, ընդ որում այդ մաքրումը արվի այնպես, ինչպես Վրաստանում 2011 թվականին արվեց, երբ որ ստեղծվեց համատեղ հանձնաժողով՝ ընդդիմություն, իշխանություն և քաղաքացիական հասարակություն հավասար մասնակցությամբ։ Երրորդը՝ տեսախցիկների տեղադրումն է և առցանց հեռարձակումը, չորրորդը՝ մատերի թանաքոտումն է և հինգերորդը՝ ընտրատարածքային ցուցակների մերժումը, այսինքն՝ որ գործող համամասնական ընտրակարգը պահպանվի։ Սրանք այդ հինգ պահանջն են, որ դնում ենք և բացատրում ենք, որ առանց այս պահանջների իրականացման Հայաստանում պահպանվելու է այն ընտրակեղծարարության համակարգը, որ տարիներ շարունակ մերժում է ժողովրդի կամարտահայտությունը», - ասաց Զուրաբյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ Վենետիկի հանձնաժողովը վերապահումներ ունի ընտրությանը մասնակցածների ցուցակների հրապարակման հարցում:

Դիտարկմանը, թե, ընդդիմադիրների կարծիքով՝ Վենետիկի հանձնաժողովը փոխել է իր տեսակետը, և հարցին՝ «եթե այսպես թեական լինի նրանց պատասխանը, դուք կպնդե՞ք, որ փոփոխվի», ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց. - «Մենք վաղուց ենք դա պնդում, հարգելիներս, մենք մեր տեսակետից չենք հրաժարվել։ Մենք դիմողներից ենք եղել և վաղուց այս տեսակետը պաշտպանողներից ենք եղել։ Ժամանակին, երբ որ «Ժառանգության» հետ միասին Վենետիկի հանձնաժողով էինք դիմում, էս խնդիրն էլ ենք մենք այնտեղ ներկայացրել, սա մեզ համար նոր խնդիր չէ։ Այո, թող Վենետիկի հանձնաժողովը վերանայի, ասի՝ «չգիտեմ՝ ինչ պատճառով եմ ես դա ասել», բայց ասել է, դա փաստ է, և դա օգտագործվել է իշխանությունների կողմից միշտ, և սա էլ է փաստ, հիմա եկել է առիթը, որ մենք իրենցից հստակ էդ արգելքը վերցնենք։ Բայց դա արդեն գործել է և իր վատ դերը կատարել է, և Սահմանադրական դատարանը հենց դրա վրա հղում կատարելով հաստատումներ է կատարել, որն այսօր մեզ համար խոչընդոտ է դարձել»։

Այսօր Ազգային ժողով են եկել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, որոնք հանդիպում են իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության հետ:

Այսօր նախատեսված է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հանդիպումը նաև Հանրապետական խմբակցության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG