Մատչելիության հղումներ

Սարգսյան-Պուտին հանդիպման արդյունքում գազային պայմանագիր չստորագրվեց


Մոսկվայում գազային որևէ փաստաթուղթ այդպես էլ չստորագրվեց, թեև երեկ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ նախագիծն արդեն պատրաստ է․ այս հանգամանքն են առանձնացնում հայաստանյան վերլուծաբանները՝ անդրադառնալով Սարգսյան-Պուտին երեկվա հանդիպմանը:

Երեկ Կրեմլում նախագահ Սերժ Սարգսյանը նաև հրապարակավ իր աջակցությունը հայտնեց Սիրիայի հարցով Ռուսաստանի դիրքորոշմանը, բացի այդ՝ շնորհակալ եղավ անձամբ Պուտինին «այն ջանքերի համար, որոնք գործադրում է Ռուսաստանը Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ», թեև Սարգսյանի մոսկովյան այցի ճի՛շտ նախօրեին արտգործնախարար Նալբանդյանը «Կոմերսանտին» ասել էր, թե Հայաստանին չի կարող դուր գալ այն, որ Ադրբեջանը զենք է գնում դաշնակից Ռուսաստանից:

«Ազատության» հետ զրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը ընդգծեց՝ Հայաստանի նախագահն աջակցություն հայտնեց իր ռուս գործընկերոջը Սիրիայի հարցում, սակայն նույնը չստացավ Ղարաբաղի առնչությամբ․ - «Դա ցույց է տալիս, որ դեռ հարցերը հստակ չեն դրվում: Իհարկե, մինչ այդ եղել է Նալբանդյանի հարցազրույցը «Կոմերսանտում», որտեղ ավելի պարզ է խոսվել, որ մտահոգություն կա՝ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից, բայց նախագահի մակարդակով դա, փաստորեն, չի ասվում»:

Ըստ Մանվել Սարգսյանի՝ հայաստանյան հանրությունը սպասում էր, որ նախագահը Մոսկվայում հրապարակավ նախևառաջ կխոսեր ոչ թե Սիրիայի հարցում Մոսկվային աջակցելու, այլ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հարձակողական սպառազինություն վաճառելու մասին:

«Եթե այդ հարցը չի դրվում, ընդհանրապես անիմաստ է խոսել Ռուսաստանի հետ ինչ-որ հարաբերությունների մասին անվտանգության հարցում», - նշեց քաղաքագետը:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով, Հայաստանի ղեկավարի միակողմանի աջակցությունը Մոսկվային, Երևանի համար կարևոր՝ գազային փաստաթղթի չստորագրումը ցույց են տալիս հայ-ռուսական ներկայիս հարաբերությունների անհավասար վիճակը:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին՝ կարևոր է այն, որ Պուտինի հետ անմիջական հանդիպմանը նախագահ Սարգսյանը հիշեցրեց այն, ինչ ասել էր ՀԱՊԿ 2015թ․ դեկտեմբերյան գագաթնաժողովին․ Ադրբեջանի կողմից իրականացվող վտանգավոր, անարդյունք հարձակումները ոչ միայն սպառնալիք են Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, այլև՝ մարտահրավեր են ՀԱՊԿ հեղինակությանը»:

Կիրակոսյանը, միևնույն ժամանակ, պատահական չհամարեց Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակը․ - «Որովհետև միևնույն ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսելում էր և ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ շատ կարևոր հանդիպումներ ունեցավ: Սա նշանակում է, որ ռազմավարական առումով Հայաստանը ձգտում է պահպանել հավասարակշռությունը: Նախագահ Սարգսյանի մոսկովյան այցը հաջորդեց նաև Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի երևանյան այցին: Հայաստանը ձգտում է իր համար մանևրի դաշտ ստեղծել»:

XS
SM
MD
LG