Ազգային ժողովի փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը այսօր առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ ԽՎ-ի գործունեությունը, խոսել բազմակողմ համագործակցության մասին, անդրադարձել ՀԱՊԿ-ի շրջանակում հետագա աշխատանքներին և վերահաստատել համատեղ աշխատանքի կարևորությունը:
Շարմազանովը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ի գործընկերների հետ լուրջ գործակցությամբ՝ ի շահ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, պետությունների պաշտպանունակության մակարդակի հետագա բարձրացման, ինչպես նաև՝ նոր մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցության ոլորտում ՀԱՊԿ-ի ներուժի ամրապնդման:
Նարիշկինը բարձր է գնահատել Շարմազանովի ներդրումը ՀԱՊԿ ԽՎ-ի աշխատանքներում: Նա վստահություն է հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի բարձր մակարդակով: