Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցերեկը աշխատանքային այցով կժամանի Մոսկվա։
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սարգսյանը Մոսկվայում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկայի, հումանիտար, երկկողմ գործակցությանը, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր։
Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի, առկա խնդիրների և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունների շուրջ, ասված է հաղորդագրությունում։
Ըստ Կրեմլի պաշտոնական կայքի, Սարգսյանն ու Պուտինը հատուկ ուշադրություն կդարձնեն ղարաբաղյան խնդրի կարգավորմանն առնչվող հարցերին։
Թե որտեղ և երբ կընդունի Պուտինը իր հայաստանցի կոլեգիային, այս պահին դեռ հայտնի չէ։
Մոսկվայում՝ կենտրոնական հեռագրատան շենքում Հայաստանի նախագահը, ով գլխավորում է երկրի Շախմատի ֆեդերացիան, այսօր երեկոյան նաև մասնակցելու է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:
Ըստ Ռուսաստանի պատմության թանգարանի պաշտոնական կայքի, այսօր Ռուսաստանի և Հայաստանի նախագահները պետք է մասնակցեին «Հայաստան՝ գոյության լեգենդ» ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը։ Սակայն երեկ ցուցահանդեսի մասին տեղեկությունը կայքից հանվել է։