Այսօր Վրաստանի էներգետիկայի նախարարության ողջ ղեկավարությունը` նախարար Կախա Կալաձեի գլխավորությամբ, կժամանի երկրի խորհրդարան: Արտաքին հարաբերությունների և տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում Կալաձեն և նրա տեղակալները բացատրություններ կտան վերջին ամիսներին ռուսական «Գազպրոմ» ընկերության, Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի, և Իրանի կառավարության հետ անցկացված բանակցությունների վերաբերյալ:
Վրաստանի էներգետիկ ոլորտի պատասխանատուներին խորհրդարան կանչելու գաղափարն ընդդիմությանն էր, որն ամիսներ շարունակ պնդում էր, թե «Գազպրոմ»-ի հետ ներկրվող գազի ծավալների ավելացման շուրջ բանակցությունները վտանգում են երկրի ազգային անվտանգությունն ու ինքնիշխանությունը: Կալաձեն, սակայն, որոշեց խորհրդարան գալ միայն այն բանից հետո, երբ «Գազպրոմ»-ի հետ գազի հավելյալ մատակարարումների մասին բանակցությունները մտան փակուղի, իսկ պաշտոնական Թբիլիսին ու Բաքուն համաձայնագիր ստորագրեցին Վրաստան մատակարարվող ադրբեջանական գազի ծավալներն ավելացնելու մասին:
Վրացական ընդդիմությունը, այդուհանդերձ, պնդում է, թե միայն ադրբեջանական կողմի ճկուն դիրքորոշման շնորհիվ էր, որ կանխվեց «Գազպրոմ»-ի մուտքը վրացական շուկա:
«Մենք երբեք էլ չենք թաքցրել, որ ադրբեջանական կողմի հետ լավ կապեր ունենք և այնտեղից մեր աղբյուրների միջոցով կարողանում էինք թարմ տեղեկատվություն ստանալ այն բոլոր դավադրությունների մասին, որոնց հեղինակը Կախա Կալաձեն էր: Ադրբեջանի ղեկավարությունը միշտ էլ ցանկանում էր ավելացնել Վրաստան մատակարարվող գազի ծավալները, իսկ Կալաձեն ստում էր` ասելով, թե Ադրբեջանում դրա համար վառելիքի բավարար ծավալներ գոյություն չունեն: Այժմ, երբ Ադրբեջանը ընդառաջեց վրացական կողմին, Կալաձեին այլ բան չէր մնում, քան SOCAR-ի հետ ստորագրել այդ համաձայնագիրը», - «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում նշել է «Ազգային միացյալ շարժում» կուսակցության ղեկավարներից մեկը` Միխեիլ Մաճավարիանին՝ շարունակելով․ - «Ավելին, ես վստահ եմ, որ Վրաստանում գազի պակասորդ չկա: Ձմեռն անցավ, և մենք նման պակասորդի նշույլն անգամ չտեսանք: Այս ողջ աղմուկը բարձրացվել էր մի պարզ պատճառով․ Կալաձեն ցանկանում էր «Գազպրոմ»-ը բերել վրացական շուկա` կատարելով Բիձինա Իվանիշվիլիի անմիջական հրահանգը»:
Վրացական կառավարության ներկայացուցիչները, սակայն, շարունակում են հիշեցնել իրենց ընդդիմախոսներին, որ «Գազպրոմ»-ը վրացական շուկայից ոչ մի տեղ էլ չէր հեռացել, քանի որ այն Վրաստանի տարածքով անցնող մայրուղային գազատարով շարունակում է վառելիք մատակարարել Հայաստան:
«Մեր տարածքով անցնող ռուսական գազի 10 տոկոսը մենք ստանում ենք որպես տարանցման վճար: «Գազպրոմ»-ը ցանկանում էր ոչ թե գազով, այլ կոնկրետ գումարով իրականացնել փոխադարձ հաշվարկները: Վրացական կողմին, սակայն, դա ձեռնտու չէ, ուստի այս տարի ևս կգործի տարանցման վճարումների հին ձևաչափը», - «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում հայտարարում էր այսօրվա խորհրդարանական լսումներին հրավիրված պաշտոնյաներից ևս մեկը` էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլին: