Վարչական դատարանը երեկ որոշել է անցյալ տարի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի կողմից ապտակ ստացած 68-ամյա Հակոբ Նազարի Դեխնավիին տուգանել հիսուն հազար դրամով։
Դատարան դիմած ոստիկանությունը պնդել էր՝ Դեխնավին չի կատարել իրենց օրինական պահանջը։
«Հիմնավորումով, որ ես անցել եմ էդ դեղին գծերի վրա․․․ ես չեմ եղել ըդտեղ, երեխաներն են եղել: Ես ուղղակի գնացել եմ, որ երեխային իրա ձեռքից հանեմ»
68-ամյա Դեխնավին պատմում է՝ օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում «Ոտքի՛, Հայաստան»-ի բողոքի ակցիայի ժամանակ քաշքշուկից հետո ոստիկանության ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանն իրեն ապտակել է, ինչից հետո, տարեց տղամարդը խոստովանում է՝ հայհոյել է ոստիկանին։
«Դա ես շատ լավ եմ հասկանում մարզական հարվածը ոնց ա լինում և մտածված ոնց ա լինում: Ես այդպիսի հարված եմ ստացել», - պատմում է նա:
Ոստիկանությունը այս միջադեպից 1.5 ամիս անց դիմել է Վարչական դատարան՝ տուգանելու Դեխանվիին։ Վերջինս պնդում է՝ դատարանից ծանուցումներ չի ստացել, փետրվարի 11-ին նշանակված դատական նիստին էլ ներկա չի եղել: Մարտի 3-ին՝ վճռի հրապարակման օրը, պատահաբար է տեղեկացել, որ իր գործով վճիռ է հրապարակվելու։
«Օգնական աղջկան ասում եմ՝ լսի, էդ դատավորին ասա, որ ես իր վերադասին եմ բողոքելու: Հարցը ոչ թե գումարն ա, այլ իմ ինքնասիրությունն ա և իր անհեթեթ շարադրությունն ա, որ կարդաց», - ասում է Դեխնավին:
Միևնույն ժամանակ, Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել տարեց տղամարդուն ապտակելու դեպքի առթիվ։ Ոստիկանի լիազորությունները դադարեցվել էին։ Քննչական մարմնից տեղեկացանք, որ այս գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։ Դեխնավին վստահ է՝ մամուլում բարձրացած աղմուկից հետո ոստիկանությունը որոշել է պատժել իրեն՝ դիմելով դատարան, իսկ իրեն ապտակած ոստիկանի գործով առաջընթաց դեռ չկա։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է՝ չի զարմանում ստեղծված իրավիճակից, երբ ոստիկանի ապտակից տուժած քաղաքացին տուգանվում է, իսկ ոստիկանի գործը դեռ դատարանում չէ։ Ալեքսանյանը հույս չունի, թե ոստիկանը կպատժվի․ - «Սա Վովա Գասպարյանի «բարեփոխումներ առանց սահմանների» հայտարարության շրջանակներում է․ ծեծել մարդկանց և իրենց դեմ գործ հարուցել, ինչը Գևորգ Սաֆարյանի դեպքում է, ինչը Վարդգես Գասպարիի դեպքում է և ինչը մյուս քաղաքացիների դեպքում է»:
Իրավապաշտպանը նկատում է, որ մի շարք այլ գործերով ևս ակտիվիստները տուգանվել կամ պատժվել են, իսկ ոստիկանների դեմ գործերը կարճվել են: Ժաննա Ալեքսանյանը հարցնում է՝ սեպտեմբերին քրեական գործ հարուցելուց հետո նախաքննական մարմինը ի՞նչ է պարզում այսքան ժամանակ․ - «Այստեղ աշխատանք չկար անելու՝ կան ականատես-վկաներ, կա տեսանյութը, թե ինչպես է հարվածում ոստիկանը այս մարդուն: Նույն Գևորգ Սաֆարյանի դեպքում, երբ տեսանյութից ակնհայտ էր, որ ծեծի են ենթարկվել ակտիվիստները, ոստիկանների նկատմամբ գործը կարճեցին: Հիմա, եթե դու ակտիվիստ ես, ինչ էլ լինի՝ քո դեմ են սարքելու, քեզ են պատժելու»: