Մատչելիության հղումներ

Հանրաքվեի օրը «Ազատության» լրագրողներին խոչընդոտած կնոջը մեղադրանք է առաջադրվել


Սիրուշ Հովհաննիսյանը Անուշ Մկրտչյանից պահանջում է դադարեցնել նկարահանումը, 6-ը դեկտեմբերի, 2015թ.
Սիրուշ Հովհաննիսյանը Անուշ Մկրտչյանից պահանջում է դադարեցնել նկարահանումը, 6-ը դեկտեմբերի, 2015թ.

Տարեց կինը՝ Սիրուշ Հովհաննիսյանը, կարող է անգամ ազատազրկվել

Հանրաքվեի օրը լրագրողների աշխատանքի խոչընդոտման ևս մի դեպքով նախաքննությունն ավարտվել է, և գործը շուտով կգնա դատարան։ Արաբկիրի ԱՅՈ-ի շտաբի տարածքում մի տարեց կին և մի քանի երիտասարդներ խոչընդոտել էին «Ազատության» լրագրող Անուշ Մկրտչյանի և օպերատոր Գարիկ Ազիբեկյանի աշխատանքը, երբ լրագրողները փորձել են ճշտել, թե ինչու են մեքենաներով շարունակ տարբեր մարդիկ բերվում շտաբ։

«Հատուկ քննչական ծառայությունից ինձ հայտնեցին, որ գործը կիսում են երկու մասի: Այդ տարեց կնոջ մասով նախաքննությունն արդեն ավարտվել է և գործը ուղարկում են դատարան, իսկ այդ երիտասարդ տղաների մասով նախաքննությունը շարունակվում է», - ասում է Անուշ Մկրտչյանը:

Տարեց կինը՝ Սիրուշ Հովհաննիսյանը, կարող է անգամ ազատազրկվել, իսկ ԱՅՈ-ի շտաբ ազատ ելումուտ անող ու լրագրողների աշխատանքը խոչընդոտած երիտասարդների մասով նորություն դեռ չկա։

Հանրաքվեի օրը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արագ արձագանքման խումբ էր ուղարկել ուշադրության կենտրոնում հայտնված ԱՅՈ-ի շտաբ. Կազմակերպության ղեկավար Աշոտ Մելիքյանին տարօրինակ է թվում, որ իրավապահներն այնտեղ եղած երիտասարդներին դեռ չեն հայտնաբերել։

«Երբ դու տեսնում ես, որ լրատվամիջոցն ինքն արդեն ֆիքսել է այդ երիտասարդներին և լրագրողը շատ լավ ցույց է տալիս հանրությանը, իրավապահ մարմիններին, թե ովքեր են այդ մարդիկ, որոնք խոչընդոտել են գործունեությունը, այստեղ արժե հայ քաղաքական մտքի դասականին մեջբերել և ասել, որ սա ընդամենը մի ուչաստկովիի գործ էր և ցանկության դեպքում միանգամից կարելի էր դա բացահայտել», - ասում է Մելիքյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հանրաքվեի օրը արձանագրել է լրագրողի աշխատանքի խոչընդոտման առնվազն 12 դեպք, լրագրողի հանդեպ բռնության 2 դեպք, բայց իրավապահները քրեական գործ են հարուցել միայն 4-ով, ընդ որում ավելի ուշ 2 գործ կարճվել է, միայն 2-ն է ուղարկվել դատարան՝ «Ազատության» և «Հետք»-ի լրագրողների աշխատանքը խոչընդոտելու գործերը։

«Ընդհանուր առմամբ ադեկվատ չի կարելի համարել իրավապահ մարմինների արձագանքը: Քրեական գործերի քանակը չի համապատասխանում իրական ծավալներին», - ասում է Մելիքյանը:

Ընդ որում, խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության ղեկավարը նկատում է՝ իրավապահները խուսափել են գործ հարուցել «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու» հոդվածով, փոխարենը՝ գործ է հարուցվել ավելի ընդհանուր՝ 149-րդ հոդվածով․ - «Անուշի գործում, փաստորեն, Հատուկ քննչական ծառայության բոլոր հիմնավորումները վերաբերում են լրագրողական գործունեության խոչընդոտմանը, բայց ինքը՝ հոդվածը, ընտրական իրավունքի խախտումն է: Շատ անհասկանալի մոտեցում է, և առհասարակ՝ տարօրինակ է, որ իրավապահ մարմինները խուսափում են 164 հոդվածով պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր թույլ չեն տալիս, որպեսզի լրագրողները իրենց մասնագիտական գործունեությունը ազատորեն իրականացնեն, և դա շատ վատ է, քանի որ ստացվում է, որ լրագրողական գործունեության խոչընդոտումը անպատժելի է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG