Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Սիրուշ Հովհաննիսյանը սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի նկատմամբ բռնություն գործադրելով, խոչընդոտել է վերջինիս և նույն լրատվամիջոցի օպերատոր Գարիկ Ազիբեկյանի լիազորությունների իրականացմանը»:
ՀՔԾ-ն իր հաղորդագրությունում նշում է, որ, մասնավորապես, 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Սիրուշ Հովհաննիսյանը դուրս է եկել Կոմիտաս 56 հասցեում գործող «Այո» ընտրական քարոզչական շտաբից և, մոտենալով «Ազատության» ներկայացուցիչներին, նրանցից պահանջել է դադարեցնել նկարահանումները և հեռանալ շտաբի տարածքից:
«Անուշ Մկրտչյանը և Գարիկ Ազիբեկյանը շարունակել են իրականացնել իրենց լիազորությունները, որի ընթացքում Սիրուշ Հովհաննիսյանը զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու միասնական դիտավորությամբ, լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելով՝ հրել է, քաշքշել հագուստից, թքել վրան ու այլ վիրավորանքներ հասցրել վերջինիս և Գարիկ Ազիբեկյանին, խանգարել նկարահանումների իրականացմանը: Այս կերպ` Սիրուշ Հովհաննիսյանը խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչների՝ Անուշ Մկրտչյանի և Գարիկ Ազիբեկյանի կողմից հանրաքվեի ընթացքը լուսաբանելու իրենց լիազորությունների իրականացմանը», - ասված է հաղորդագրությունում:
Սիրուշ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի՝ (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասի 3-րդ կետով:
«Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար», - ասված է հաղորդագրությունում: