Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի պատգամավորական մանդատը հանձնել է ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ համարի թեկնածու Կարեն Շահմուրադյանին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԸՀ այսօրվա նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ փետրվարի 25-ին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կողմից ԿԸՀ է ուղարկվել գրություն, որին կից եղել է արձանագրություն՝ Դաշնակցության համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Արծվիկ Մինասյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:
«Նման դեպքերում, համաձայն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի, պատգամավորական մանդատը ստանում է կուսակցության համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն», - նշել է Մուկուչյանը:
Վերջինիս խոսքով, ՀՅԴ համամասնական ցուցակի անդամներից որևէ մեկն ինքնաբացարկ չի ներկայացրել, ուստի Արծվիկ Մինասյանի պատգամավորական մանդատը փոխանցվել է ցուցակի հաջորդ համարի թեկնածու Կարեն Շահմուրադյանին:
Արծվիկ Մինասյանը, հիշեցնենք, իշխող Հանրապետական կուսակցության և Դաշնակցության միջև համաձայնությունների շրջանակում նշանակվել է էկոնոմիկայի նախարար: