Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) այսօր դատարանում էլ պնդեց՝ հիմնավոր կասկածներ կան, որ ֆրանսահայ, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Շանթ Ոսկերիչյանը սպառնում է Հայաստանի անվտանգությանը, ինչի պատճառով նրա մուտքը Հայաստան անժամկետ արգելված է։
«Հայկական վերածնունդ» կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող Ոսկերիչյանը, ում պաշտոնական անունը Ժեան Օզքիրիսյան է, դեռևս անցյալ տարվա մայիսին փորձել էր Փարիզից Երևան ժամանել, սակայն իրավապահները նրան 12 ժամ հարկադրաբար պահել էին «Զվարթնոց» օդանավակայանում, ապա ետ ուղարկել։
Վերջինիս ներկայացուցիչները՝ Արթուր Սաքունցն ու Անի Չատինյանը, այս որոշումը բողոքարկել էին դատարանում, և այսօր էլ պնդեցին՝ ԱԱԾ-ն ապօրինի է արգելել ընդդիմադիր սփյուռքահայի մուտքը Հայաստան։
«Հայցվոր կողմի համար անհասկանալի է նաև անցանկալի անձանց բանկում ընդգրկման պատճառներն ու հիմքերը։ Եվ անձը չգիտի՝ ինչ պետք է անի, որ վերանան հիմքերը անցանկալի անձ համարվող օտարերկրացիների տվյալների բանկից իր անունը հանելու համար»,- ասաց Չատինյանը։
Իրավապաշտպանները հայտարարեցին, թե անցած ամիսների ընթացքում ԱԱԾ-ն այդպես էլ չի պարզաբանել արգելքի պատճառներն ու ժամկետները։ ԱԱԾ ներկայացուցիչ Թաթուլ Ղուկասյանը, այսօր վկայակոչելով մի շարք օրենքներ, հայտարարեց՝ այս որոշման բովանդակությունը գաղտնիք է անգամ Ոսկերիչյանի համար։
«Թե՛ հայցվորը, թե՛ նրա ներկայացուցիչները նման թույլտվություն չունեն, և հետևաբար, համաձայն իմ կողմից նշված օրենքների, այդ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքները, որոնք վերաբերում են, ըստ էության, Ժեան Օզքիրիսյանի մուտքը արգելելուն, չեն կարող տրամադրվել նրանց։ Սա է ԱԱԾ-ի դիրքորոշումը»,- ասաց Ղուկասյանը։
Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նիստից հետո հայտարարեց՝ Հայաստանի իշխանությունները խախտել են իրենց իսկ վավերացրած եվրոպական փաստաթղթերը։
«Ակնհայտ է, որ սա ուղղակի քաղաքական հետապնդման նման մի բան է, և Սովետական Միության ավանդույթների ներքո գործող ընթացակարգեր են կիրառում»,- ասաց պատգամավորը։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է՝ Հայաստանի իշխանությունները խախտել են այլ երկրի քաղաքացու իրավունքները, սա նրանց կողմից նոր վարքագիծ է։
«Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեցող Ոսկերիչյանի նկատմամբ ԱԱԾ-ի որոշման գաղտնիությունն ու անցանկալի անձանց ցանկում անժամկետ պահելու միակ պատճառը նրա քաղաքական հայացքներն են»,- հավելեց իրավապաշտպանը.- «Մենք մեր վարչական բողոքում ներկայացրել ենք, որ հենց դրա հետ ենք կապում արգելքը, նա մինչ այդ ազատ ելումուտ է ունեցել Հայաստան, հենց սկսել է իր համագործակցությունը և ընդգրկումը «Հիմնադիր խորհրդարան»-ի գործունեության մեջ՝ դրանից հետո սկսվել են նրա տառապանքները»։
Հայաստանում սկսված դատաքննությանը հեռակա հետևող Շանթ Ոսկերիչյանը մեծ հույս չի կապում դատարանի հետ, կարծում է՝ իր օգտին վճիռ կկայացվի միայն քաղաքական որոշման արդյունքում։
«Եթե շարունակեն իրենց անհեթեթությունը հաջորդ հանգրվանին, շարունակեն էս դիրքին վրա մնալ, ես պիտի գնամ, ես հուսահատողը չեմ, վճռական եմ, պիտի գնամ մինչև վերջ, պիտի գնամ Եվրադատարան և ոչ միայն այնտեղ։ Իմ գործս ի վերջո բավական աղմուկ ստեղծեց ոչ միայն Հայաստանում, նաև սփյուռքում»,- ասաց Ոսկերիչյանը։
Հաջորդ դատական նիստը ապրիլի 27-ին է։