Ազգային անվտանգության ծառայության արգելքի պատճառով Հայաստան մուտք գործելու իրավունքից զրկված «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող Շանթ Ոսկերչյանը բաց նամակ է հղել ԱԱԾ նորանշանակ ղեկավար Գեորգի Կուտոյանին:
«Ես բազմիցս դիմել եմ ՀՀ ԱԱ Ծառայությանը պահանջելով, կամ հիմնավորել մուտքի արգելքը, կամ չեղարկել այդ անօրինական որոշումը, բայց ապարդյուն՝ բոլոր հարցումները մնացել են անպատասխան: Սփյուռքի տարբեր գաղթօջախներ տեղեկանալով՝ խիստ դատապարտում են նման անօրինական վերաբերմունքը սփյուռքահայի նկատմամբ և փոխում իրենց կարծիքը Հայաստանի ներկա իշխանության և հատկապես ԱԱԾ-ի նկատմամբ՝ համարելով այն իշխանական լծակ իրենց ոչ համակիր մարդկանց ճնշելու համար», - իր նամակում գրել է Ոսկերչյանը՝ հավելելով․ - «Եթե դա այդպես չէ, ապացուցեք, բացեք իմ ճանապարհը հայրենիք»:
2015-ի մայիսի 21-ին Ազգային անվտանգության ծառայությունը Ֆրանսիայի քաղաքացի Ոսկերչյանին թույլ չէր տվել մուտք գործել Հայաստան և վերջինիս 12 ժամ պահելով Զվարթնոց օդանավակայանում՝ հարկադրաբար հետ էր ուղարկել Ֆրանսիա: Շանթ Ոսկերչյանը Հայաստան էր եկել մասնակցելու իշխանափոխություն պահանջող Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «100-ամյակն առանց ռեժիմի շարժման» բողոքի ցույցերին:
Ոսկերչյանի մուտքն արգելած Ազգային անվտանգության ծառայությունը այս հարցի վերաբերյալ պարզաբանմամբ է հանդես եկել շուրջ մեկ ամիս ուշացումով՝ վկայակոչելով «Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածը: Օրենքի ծավալուն այս հոդվածում, որը կարգավորում է Հայաստանի մուտքի վիզա տրամադրելու և մուտքն արգելելու հետ կապված խնդիրները, նշվում է նաև պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին լուրջ և հիմնավոր սպառնալիքների մասին: