Մատչելիության հղումներ

Քաղհասարակությունը չի հավատում ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի՝ կոռուպցիայի դեմ պայքարի խոստմանը


ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև համաձայնագրի ստորագրման արարողությունը, 24-ը փետրվարի, 2016թ.
ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև համաձայնագրի ստորագրման արարողությունը, 24-ը փետրվարի, 2016թ.

Քաղաքացիական հասարակությունը «իմիտացիա» է որակում Դաշնակցության և Հանրապետականի համաձայնագիրը, որով նրանք խոստանում են պայքարել կոռուպցիայի դեմ, ավելին` տարանջատել բիզնեսը իշխանությունից:

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն ընդգծում է` իշխող Հանրապետականին են պատկանում գործադիր և օրենսդիր իշխանությունը, և նրան որևէ մեկը առայսօր չէր խանգարում պայքարել կոռուպցիայի դեմ: Հետևաբար այս նախաձեռնությունը, ըստ Նավասարդյանի, երկու նպատակ է հետապնդում՝ միջազգային կառույցներից գումարներ ձեռք բերել և երկրորդ՝ կոռուպցիայի դեմ պայքարն օգտագործել ներիշխանական հարցեր լուծելու համար:

«Անհրաժեշտ է, որ հնարավորինս շատ հայտարարություններ և նախաձեռնություններ լինեն՝ նույնիսկ իմիտացիոն բնույթի, որպեսզի միջազգային աջակցությունը Հայաստանին ապահովվի։ Եվ երկրորդ՝ քանի որ մենք շատ լավ հասկանում ենք, որ մինչև 2017 թվականը նույն իշխող կուսակցության մոտ այդ խնդիրները և հակասությունները խորանալու են տարբեր խմբավորումների մեջ, ապա մեկ խմբավորումը մյուսի դեմ կարող է դա օգտագործել։ Դա իրականում կոռուպցիայի մակարդակի վրա չի ազդելու, կարող է նույնիսկ հակառակ էֆեկտը ունենալ»,- ասաց Նավասարդյանը։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը նշում է՝ եթե իշխող Հանրապետականը իսկապես ցանկանում էր պայքարել կոռուպցիայի դեմ և տարանջատել բիզնեսը իշխանությունից, ապա դա առանց Դաշնակցության էլ կարող էր անել: Իսկ Դաշնակցությունը այն ամենակարող ուժը չէ, որին կհաջողվի ստիպել Հանրապետականին փոխել վարքագիծը:

«Բացի դրանից, եթե նայենք ովքեր են պայքարում կոռուպցիայի դեմ, մի փոքր ավելի ծաղրի է նման։ Այն մարդիկ, ում մասին մենք տարիներ շարունակ նշում ենք, որ հովանավորում են բիզնեսներ կամ գտնվում են կոռուպցիոն սկանդալների մեջ, հայտնվում են կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մեջ»,- ընդգծեց Տիգրանյանը։

Տարիներ շարունակ շահերի բախման մեջ գտնվող պաշտոնյաների հարցը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում բարձրացրած և այդպես էլ որևէ արդյունքի չհասած «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատուն ընդգծում է՝ իշխանությունը, որը մի ձեռքով հովանավորում է այս կամ այն բիզնեսը, մյուս ձեռքով ինքն իրեն չի պատժելու:

«Դիմումներ ենք ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ կապված ֆինանսների ներկայիս նախարար Գագիկ Խաչատրյանի կողմից բիզնեսների հովանավորության հետ, Տարոն Մարգարյանի՝ որոշ բիզնեսներում ներգրավվածության և գույքը, ունեցվածքը ոչ ճիշտ հայտարարագրելու հետ, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գույքի եկամուտների հայտարարագրի հետ։ Էթիկայի հանձնաժողովը հարուցեց վարույթ, բայց կայացրեց որոշում, որ նրանք այդ ընկերությունների նկատմամբ շահերի բախման իրավիճակում չեն գտնվում, օրինակ, Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդիների մասով և իր զավակների բիզնեսի մասով»,- ասաց նա։

«Մենք այստեղ շատ խորը օրենսդրական խնդիր ունենք, թե ինչ բան է շահերի բախումը։ Եթե «Հանրային ծառայության մասին» օրենքով առաջնորդվենք, թե ինչպես է ձևակերպվում շահերի բախումը, մեր երկրում շահերի բախում երբևէ վրա չի հասնի, որովհետև օրենքը շատ ոչ իրատեսական ձևակերպում է պարունակում։ Դա հնարավորություն է տալիս պաշտոնյային ցանկացած պարագայում ասելու, որ շահերի բախում չկա»,- հավելեց Տիգրանյանը։

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն էլ նշում է՝ եթե Հանրապետականը իսկապես քաղաքական կամք ունենար որևէ բան փոխելու երկրում, ապա նախ և առաջ չպետք է կեղծեր սահմանադրական հանրաքվեն:

«Ի վերջո կոռուպցիայի դեմ պայքարի պետական մարմինը ղեկավարում են այնպիսի ականավոր կոռուպցիոներներ, որոնք քաջ հայտնի են մեր հասարակությանը։ Դաշնակցությունը թող իզուր պոզա չընդունի, թե շատ լուրջ թուղթ է ստորագրել Հանրապետականի հետ»,- ասաց նա։

Բարսեղյանը հիշեցնում է՝ 2005-ին դաշնակցական Բագրատ Եսայանը, ով նախագահ Ռոբերտ Քոչարյանի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով խորհրդականն ու Հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահն էր, պնդում էր, թե կոռուպցիան հնարավոր չէ չափել:

«Իրենք մի անգամ կարծես թե արդեն փորձել են պայքարել կոռուպցիայի դեմ, երևի չեն հիշում։ Ես որևէ փոփոխություն իսկապես չեմ ակնկալում, չնայած կա արդեն դրական տեղաշարժ, օրինակ, երեկ Լեոնարդո ԴիԿապրիոն «Օսկար» ստացավ, և դա արդեն հայ հասարակությունը լրջությամբ մեկնաբանում է որպես այս ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի առաջին պտուղներից մեկը»,- հեգնեց Բարսեղյանը։

«Իսկ եթե ավելի լուրջ, մենք բազմիցս առաջարկել ենք կրթական համակարգը ազատել ընտրություններում ներքաշելու ռիսկերից։ Անկեղծ ասած, չեմ պատկերացնում, որ դաշնակցական նախարարին դա թույլ կտան անել, որովհետև սա իրենց, եթե չասեմ առաջին, երկրորդ կարգի լեգեոն է։ Իշխանությունը պահելու համար ոչ միայն ընտրակեղծիքներ, այլ շատ ուրիշ նուրբ գործիքներ կան, որոնք իրենք կիրառում են՝ վարչական ռեսուրսն են չարաշահում... կասկածում եմ, թե Սերժիկ Սարգսյանը այդպես հեշտությամբ կհրաժարվի այս իր լեգեոնից»,- ասաց «Ասպարեզ» ակումբի ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG