Մատչելիության հղումներ

Պատգամավորները ստորագրահավաք են սկսել Գասպարիին ազատ արձակելու պահանջով


Վարդգես Գասպարին դատարանում, արխիվ
Վարդգես Գասպարին դատարանում, արխիվ

Տարիներ շարունակ բողոքի խաղաղ ցույցեր անցկացնող Վարդգես Գասպարիին անհապաղ ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք է սկսվել։ Նախաձեռնությանը միացած երկու տասնյակից ավելի պատգամավորներ մտադիր են դիմումը վերաքննիչ դատարան ուղարկել։ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի պնդմամբ՝ ակտիվիստը հալածանքների է ենթարկվում իշխանության այլախոհը լինելու համար։

«Մենք ինչ որ հնարավոր է, ինչ հասարակական ճնշման միջոց, ձև ունենք, կգործածենք, որ էդ անհեթեթությունը ավարտվի, որովհետև դա աբսուրդ է»,- ասաց Զուրաբյանը։

Իշխող հանրապետականները նախաձեռնությանը չեն միացել, դեպքը պետք է ուսումնասիրեն։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ իրենք ուղիղ կապի մեջ են Արդարադատության նախարարության հետ։

«Ի՞նչ է՝ դուք պատկերացնում եք, որ իշխանության քաղաքական մեծամասնությունը պետք է ստորագրի, որ իշխանության ներկայացուցիչները այդ ստորագրությունը կարդան։ Մենք անմիջական կապերի մեջ ենք և մենք ենք այդ մարդկանց գործուղել այնտեղ, բնականաբար, հետաքրքրվում ենք այդ հարցով և հանձնարարականը տվել ենք համար մեկ արդարադատության նախարարին, համար մեկ իրավապահ մարմինների քաղաքական դեմքին»,- ասաց Բաղդասարյանը։

Ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ու ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը Գասպարիի կալանավորման հարցը քննարկել են նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի հետ։

«Այսօր դա բոլորի օրակարգում է, բոլորն են քննարկում այդ հարցը, հետևաբար նաև փոխադարձ անհանգստություն է հնչեցվել Վարդգես Գասպարիի կալանավորման վերաբերյալ»,- ասաց Վարդանյանը։

«Վարակիչ սկզբունքային գործելաոճը, որին որևէ կերպ ահաբեկել հնարավոր չէ, վատ պատգամ է հավանաբար էսթաբլիշմենթի կարծիքով հասարակությանը, որ մենակով կարելի է կանգնել այս ամբողջ համակարգի դեմ և պայքարել՝ հետ չկանգնելով քո սկզբունքներից»,- ասաց Արզումանյանը։

Երեկ քննիչի միջնորդությամբ մի քանի ժամով հոգեբուժարան տեղափոխված, շաքարախտով հիվանդ Գասպարին փաստաբաններին հայտարարություն է փոխանցել՝ մանրամասն նկարագրելով.- «Պալաժենեցի հրահանգից հետո խցակիցներս հայհոյանքների ու ծաղրուծանակի զուգորդմամբ սկսեցին ծեծել ինձ, պառկած էի, հարվածում էին ոտքով, ձեռքով, այսպես շարունակվեց մոտ երկու ժամ։ Իմ խնդրանք-աղաչանքները, որ հացադուլի մեջ եմ` Աստված սիրեք, ողորմացեք, չափազանց թույլ էին էդ պալաժենիից ստացած հրահանգի դեմ։ Ցավից արձակված գոռոցներս լսվում էին շենքի մեջ և դրսում, սակայն ոչ մի արձագանք հսկիչներից։ Մի պահ դուռը բացվեց, դուրս նետվեցի, չորեքթաթ աղերսում էի, որ ինձ այդ խուց չտեղափոխեն»։

Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանն այս հարցով դիմել է գլխավոր դատախազին՝ հորդորելով հաշվի առնել նաև փաստը, որ ակտիվիստը կալանավորվել է առանց դատարանի կողմից նախապես տեղեկացված լինելու, ինչը պահանջում են Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերն ու Սահմանադրությունը։

«Որպեսզի կրկնակի գործընթացի մեջ չմտնենք, հարցում անենք, ես միանգամից նամակով առաջարկեցի գլխավոր դատախազին, որ Քրեական դատավարության օրենսգրքով ընթացակարգ սկսվի»,- ասաց Արման Թաթոյանը։

Գևորգ Կոստանյանը օմբուդսմենի դիմումից հետո Հատուկ քննչական ծառայությանը հանձնարարել է նյութեր նախապատրաստել կալանավայրում Գասպարիին բռնության ենթարկելու վերաբերյալ։ Ակտիվիստի աղմկահարույց կալանքից մոտ մեկ շաբաթ անց գործին միջամտել է նաև արդարադատության նախարարը։

«Հանձնարարել եմ, որ քրեակատարողական հիմնարկ այցելեն, ավելի մանրամասն ճշտեն այն մտահոգությունները, որոնք բարձրաձայնված են»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը։

Մինչ իշխանությունները պնդում են, թե մտահոգ ու հետևողական են Գասպարիի կալանավորման գործին, ակտիվիստի փաստաբանները նոր խոչընդոտների մասին են բարձրաձայնում։ Քրեակատարողական հիմնարկն այսօր արգելել է Տիգրան Եգորյանին տեսակցել Գասպարիին՝ պատճառաբանելով, թե դատարանը հեռացրել է փաստաբանին գործի վարույթից։ Առայժմ անհայտ է նաև, թե երբ վերաքննիչ դատարանը կքննի կալանքի որոշումը բողոքարկելու դիմումը։

«Տեղափոխեցին իրեն վերջապես մեկ այլ խուց, բայց էլի առանձնախուց չէ, էլի մի քանի հոգու հետ է պահվում։ Այսօր դեռևս չենք տեսակցել, չենք կարող ասել ինչ վիճակում է»,- «Ազատությանը» փոխանցեց Գասպարիի մյուս պաշտպան Դավիթ Գյուրջյանը։

XS
SM
MD
LG