Ժողովրդավարության ազգային պլատֆորմը ներկայացրել է իր հինգ հիմնական պահանջները ընտրական օրենսգրքի վերաբերյալ։
Ըստ պլատֆորմի, ընտրացուցակները պետք է մաքրվեն: «Այս խնդրի լուծման համար առաջարկում ենք ստեղծել իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համատեղ հանձնաժողով, որը կունենա ընտրացուցակները ավելորդ անուններից մաքրելու առաքելություն», - ասված է հաղորդագրությունում։
Պլատֆորմը նաև նշել է, որ պահանջում է ընտրությանը մասնակցած քաղաքացիների կողմից ստորագրված ցուցակների հրապարակում, քվեարկության օրը տեղամասային կենտրոնների և դրանց հարող տարածքների տեսանկարահանում և ինտերնետային հեռարձակում հատուկ կայքի միջոցով, բազմակի քվեարկության կանխման նպատակով մատնահետքերով քվեարկության էլեկտրոնային համակարգի ներդրում, հանրային սեկտորի ներգրավվածության ընդլայնում, մասնավորապես՝ քաղաքացիական խմբերի համար ընտրությունների քարոզչական շրջանում եթերաժամանակից օգտվելու հնարավորության սահմանափակումների վերացում, դիտորդների լիազորությունների շրջանակի ընդլայնում։
Ժողովրդավարության ազգային պլատֆորմն իր պահանջները ներկայացրել է անցած շաբաթավերջին «Ընտրություններ 2017. նոր ընտրական օրենսգիրք» ֆորումի շրջանակներում, որին մասնակցել են Հայ ազգային կոնգրես, «Ազատություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբը և այլ հասարակական կազմակերպություններ:
Հիշեցնենք, որ Ժողովրդավարության ազգային պլատֆորմը ձևավորել է «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը, որը պայքարում էր Հայաստանում իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների ընդունման դեմ։