Մատչելիության հղումներ

Հայաստանում «քաղհալածյալների թիվն ավելացավ ևս մեկով»


Վարդգես Գասպարի, արխիվ
Վարդգես Գասպարի, արխիվ

Ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարիի պաշտպաններն այսօր դիմում են ներկայացրել վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով իրենց պաշտպանյալին կալանելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Պաշտպաններն այսօր նաև այցելել են Նուբարաշենի բանտում գտնվող Գասպարիին։ «Ազատության» հետ զրույցում փաստաբան Դավիթ Գյուրջյանը փոխանցեց, որ Վարդգես Գասպարիի տրամադրությունը «մարտական է», ակտիվիստն այժմ պահվում է 7 հոգանոց խցում: «Որևէ ընկճվածություն չունի, դեռևս նորմալ է ամեն ինչ, չնայած որ մի խցում է պահվում այլ կալանավորվածների հետ, բայց դեռևս ազդեցություններ չեն եղել»,- ասաց փաստաբանը:

Երեկ երեկոյան Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը Գասպարիին կալանավորելու որոշում էր կայացրել: Այդ որոշումը ձեռքներին, ոստիկանները գնացել էին նրա բնակարան և վերջինիս՝ դարձյալ պառկած դիրքով, մեքենայով տեղափոխել ոստիկանական բաժանմունք։

Գասպարիի պաշտպանները քաղաքական դրդապատճառներով պայմանավորված են որակում նրան կալանելու որոշումը՝ հայտարարելով, որ այն ապօրինի է։ «Դրա նպատակը անհնազանդ, անարդարության դեմ պայքարող մարդկանց ճնշելն է և այդ միջոցով մնացածի համար վախի մթնոլորտ ստեղծելը»,- ասված է նրանց տարածած հայտարարությունում։

59-ամյա ակտիվիստը մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու մեջ։ Գասպարին չէր ներկայանում դատարան, իրավապահներն էլ նրան պարբերաբար բերման էին ենթարկում՝ վերջին անգամ գործի դնելով անգամ շտապօգնության մեքենան:

Այսօր մեկուսարան այցելած՝ փաստաբան Դավիթ Գյուրջյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ ակտիվիստին ազատազրկել են իր քաղաքական հայացքների համար: «Տեսնում եք, թե ինչ իրավիճակ է ստեղծվել․ 8 դատական նիստ է եղել, 8-ից 4-ի ժամանակ իրեն բերման են ենթարկել:

8 դատական նիստերին ինքը ինքնակամ չի ներկայացել, և բերման ենթարկելու միջոցով կարողացել են դատաքննությունը շարունակել: Ու հիմա, չգիտես ինչու, այդ անհրաժեշտությունը, ըստ դատարանի, ստեղծվել է: Բայց այդպիսի անհրաժեշտություն չկա, այսինքն, իրավաչափ նպատակ՝ կիրառելու խափանման միջոցը, չկա»,- ասում է Գասպարիի փաստաբանը:

«Դատարանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»,- շարունակում է պաշտպան Դավիթ Գյուրջյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ առանց Գասպարիի դատական նիստ են արել ու մինչև հիմա հրաժարվում են տրամադրել կալանքի որոշումը։

Այդ որոշումն իրավաչափ չէ, ասում է պաշտպանն ու հիմնավորում՝ Գասպարիին մեղսագրվող արարքի համար առավելագույնը երեք ամսվա ազատազրկում է նախատեսված, իսկ նման դեպքերում կալանքը որպես խափանման միջոց չեն ընտրում: «Բազմաթիվ այսպիսի վարույթներում, երբ մեղսագրվող արարքի ծանրության աստիճանը նվազ է՝ մեկ տարուց ավելի պակաս սանկցիա է նախատեսվում, երբեք այսպիսի խափանման միջոց չի կիրառվում»։

Իրավապաշտպանները հայտարարում են՝ «քաղաքական հալածյալների թիվը Հայաստանում ավելացավ ևս մեկով»։ Ժաննա Ալեքսանյանի պնդմամբ, սա իշխանության հաշվեհարդարն է ակտիվ պայքարող քաղաքացու նկատմամբ։ «Մի ամբողջ պետական համակարգ հալածում է Գասպարիին։ Ով ինչպես կարող է՝ դատարան, ոստիկանություն: Նա դասական քաղհալածյալի օրինակ է Հայաստանում։ Դա է վկայում այն, ինչ նրա նկատմամբ մինչև հիմա արվել է՝ ոստիկանության սանձարձակ գործողությունները, նրան ծաղրուծանակի ենթարկելը, քաղաքից դուրս տանել մի տեղ շպրտելը, մեքենայից դուրս գցելը...»,- ասում է Ալեքսանյանը:

«Գասպարիի հետ տեղի ունեցածը անպատժելիության ամենացցուն օրինակն է»,- շարունակում է իրավապաշտպանը՝ հիշեցնելով օրեր առաջ նրան շտապօգնության մեքենայով բերման ենթարկելու՝ ոստիկանության գործողությունները: «Հայաստանը լավ վարկաբեկվել է այսօրվա ոստիկանության շնորհիվ, միջազգային հանրության աչքի առաջ: Ավելին էլ հնարավոր չի ուղղակի․․․ թե ինչ գնահատականի է արժանանում ոստիկանության անորակ վարքագիծը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG