Մատչելիության հղումներ

«Սերժ Սարգսյանը ինչ-որ մեկին մեկուսացնելու նպատակ չունի»


Վահրամ Բաղդասարյանը հարցազրուց է տալիս «Ազատությանը», 17-ը փետրվարի, 2016թ․
Վահրամ Բաղդասարյանը հարցազրուց է տալիս «Ազատությանը», 17-ը փետրվարի, 2016թ․

ՀՀԿ խմբակցության ղեկավարը բացառում է, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիան նաև Ռոբերտ Քոչարյանին քաղաքական հենարանից զրկելու հեռահար խնդիր ունի:

Դաշնակցությունն ու Հանրապետականն այս պահին դեռ աշխատում են համագործակցության մասին փաստաղթղի վրա, «Ազատության» հետ զրույցում ասաց իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և վստահեցրեց՝ քաղաքական ուժերի համագործակցության համար որևէ խոչընդոտ չկա, պարզապես փաստաթղթի տեքստը պետք է ինչպես քաղաքական, այնպես էլ մասնագիտական վերլուծության ենթարկվի :

Վահրամ Բաղդասարյան․ - Ես հայտարարում եմ՝ ինչ ենթադրություններ որ արվում են մամուլում, չկան նման խոչընդոտներ և անհամաձայնություններ, չկան նման երևույթներ:

«Ազատություն»․ - Բանակցություններն ավարտվա՞ծ են:

Վահրամ Բաղդասարյան․ - Ավարտված են, և հիմա տեքստային աշխատանքի վրա խնդիրներ կան, որոնք պետք է լինեն համաձայնեցված: Շուտով կհրապարակվի:

«Ազատություն»․ - Իսկ հանրապետականները տեսե՞լ են այդ տեքստի նախնական տարբերակը:

Վահրամ Բաղդասարյան․ - Դեռ աշխատում են այդ տարբերակի վրա, դա տեսնում ենք այն ժամանակ, երբ որ կա արդեն, այսպես ասած, վերջնական տեսքը, որն արդեն պետք է ներկայացվի: Դեռ հանրապետականներին ներկայացված չէ այդ տեքստի բովանդակությունը, և երկու կողմերն էլ աշխատում են: Նորից եմ կրկնում՝ դա շատ հեռուների բան չէ, դա շատ մոտ ապագայի խնդիր է, և մենք ունենք ժամանակ, շտապելու որևէ խնդիր չունենք: Ոչ մենք, ոչ մեր գործընկերները շտապելու խնդիր չունեն:

«Ազատություն»․ - Իսկ դա կլինի հուշագրի՞, թե՞ համաձայնագրի տեսքով:

Վահրամ Բաղդասարյան․ - Նաև այդ հարցն է քննարկման առարկա: Դեռ անվանումը, այսպես ասած, վերջնական չէ:

«Ազատություն»․ - Իսկ այս տեքստը, որի վրա հիմա աշխատում են մասնագետները, քաղաքական ուժերը, վերաբերելու է նաև 2017թ․ խորհրդարանական ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածի՞ն:

Վահրամ Բաղդասարյան․ - Կարծում եմ, որ այնտեղ չի նշվելու՝ ընտրություններից առաջ, ընտրություններից հետո․․․ համենայն դեպս, այդ համաձայնագիրն այնպիսին կլինի, որը, բոլորդ կհամոզվեք, որ դա ապագայի խնդիրների լուծման հետ կապված համագործակցություն պետք է լինի:

«Ազատություն»․ - Շատերը հետևյալ հարցադրումն են անում՝ ի՞նչն էր Հանրապետականին խանգարում ունենալ այնպիսի մի ճանապարհային քարտեզ, որը կտար երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հնարավորությունը: Այդ ի՞նչ ունի Դաշնակցությունը, ի՞նչ կարող է անել Դաշնակցությունը, որ չի կարողանում անել Հանրապետականը միայնակ:

Վահրամ Բաղդասարյան․ - Մենք առանց Դաշնակցության էլ այդ նույն ճանապարհը պետք է գնայինք, բայց նորից եմ կրկնում՝ մեզ համար ձեռնտու է, որպեսզի լինի քաղաքական կոնսոլիդացիա:

«Ազատություն»․ - Շատերը նշում են, նաև ձեր պատգամավոր գործընկերները, որ այստեղ ոչ թե Դաշնակցության հետ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցն է, այլ այս ամենի ետևում, իրականում, քաղաքական հաշվարկներ են: Մասնավորապես, նշվում է, որ, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանին դաշտից հեռացնելու փորձ է կատարվում:

Վահրամ Բաղդասարյան․ - Դա թողենք որպես ենթադրություններ, ես միանշանակ կարող եմ տեղեկացնել, որ մենք նման հաշվարկների վրա չենք հենվում, չկան նման հաշվարկներ:

«Ազատություն»․ - Բայց չէ՞ որ Քոչարյանը կարող էր Դաշնակցության հետ միասին 2017-ին փորձել մասնակցել ընտրություններին: Այժմ այդ քաղաքական հենարանն էլ եք նրա ձեռքից վերցնում:

Վահրամ Բաղդասարյան․ - Եթե Քոչարյանը չի արել հայտարարություն, ես չգիտեմ, թե հանրապետության երկրորդ նախագահն ինչ նպատակներ ունի և ինչ մոտեցումներ ունի ապագայի հետ կապված, ես սկսեմ մեկնաբանե՞լ Քոչարյանի հետագա քայլերը:

«Ազատություն»․ - Բայց այսօր Քոչարյանն ունի՞ քաղաքական հենարան:

Վահրամ Բաղդասարյան․ - Ես նման գնահատականներ տալու իրավունք չունեմ պարզապես:

«Ազատություն»․ - Իսկ դուք հնարավոր համարու՞մ եք, որ նա 2017-ին ակտիվանա:

Վահրամ Բաղդասարյան․ - Ես քաղաքականության մեջ անհավանական ոչինչ չեմ համարում, ամեն ինչ հավանական է, ինչո՞ւ չէ: Ես ցավ եմ ապրում, որ ցանկացած քաղաքական պրոցես, որն ընթանում է, անմիջապես կապում են երկրի առաջին դեմքի հետ, որ Սերժ Սարգսյանն այս արեց, Սերժ Սարգսյանը մյուսն արեց: Եվ որևէ մեկը չգիտի, թե 2017 թվականին ինչ քաղաքական ուժեր ի հայտ կգան, ձեր նշած քաղաքական գործիչներն ինչ դիրքում կլինեն: Համենայն դեպս, ես համոզված եմ, որ հանրապետության նախագահը՝ Սերժ Սարգսյանը այսօր նման նպատակներ չունի՝ ինչ-որ մեկին մեկուսացնելու: Նպատակը մեկն է՝ որ մենք Հայաստանը կառուցենք այնպես, ինչպես որ պատկերացնում ենք, մեր սերունդները պատկերացնում են: Իսկ թե դրան ովքե՞ր մասնակից կլինեն, մենք շատ ուրախ կլինենք, որ դրան մասնակից լինեն և՛ ներկա, և՛ գալիք քաղաքական ուժերը և գործիչները:

«Ազատություն»․ - Այդ թվում Ռոբերտ Քոչարյա՞նը:

Վահրամ Բաղդասարյան․ - Մենք բոլորի համար ենք ասում, այո՝ այդ թվում նաև հանրապետության երկրորդ նախագահն իր փորձով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG