Մատչելիության հղումներ

Անկարայի պայթյունից 28 մարդ զոհվել է, շուրջ վեց տասնյակը՝ վիրավորվել


Անկարա, Թուրքիա, 17-ը փետրվարի, 2016թ․
Անկարա, Թուրքիա, 17-ը փետրվարի, 2016թ․

Իշխանությունները կատարվածը որակում են ահաբեկչական գործողություն։

Պաշտոնական տվյալներով, Անկարայում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունից 28 մարդ զոհվել է, 61-ը՝ վիրավորվել։ Զոհվածների թվում նաև քաղաքացիական անձինք կան։

Ականապատ մեքենան պայթեցվել է այն պահին, երբ նրա կողքով անցնում էին զինվորականների տեղափոխող երկու ավտոբուսներ։ Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ խորհրդարանի և Գլխավոր շտաբի շենքերից ոչ հեռու։

Իշխանությունները կատարվածը որակել են ահաբեկչական գործողություն, սակայն հստակ չէ, թե ովքեր են կանգնած այս հերթական ահաբեկչության հետևում՝ Քրդական բանվորական կուսակցության (PKK) գրոհայիննե՞րը, թե՞ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Թուրքիայի իշխանություններն ասում են, որ այն լավ պատրաստված էր։

Պայթյունի պատճառով նախագահ Ռեջեփ Էրդողանը չեղյալ է հայտարարել իր այցը Ադրբեջան, իսկ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն՝ Բրյուսել, որտեղ պետք է քննարկեր միգրանտների խնդիրները։

Պայթյունից ընդամենը մի քանի ժամ անց Էրդողանը հայտարարել է, որ նման միջադեպից հետո աճում է Թուրքիայի վճռականությունը՝ պայքարելու նման հարձակումների դեմ ինչպես երկրի ներսում, այնպես էլ Թուրքիայի սահմաններից դուրս։

Այս ահաբեկչությունը տեղի է ունեցել Սիրիայում Թուրքիայի ակտիվության ֆոնին։

Մեկնաբանները նկատում են, որ սա հերթական ահաբեկչությունն է Թուրքիայում։ Հունվարին, օրինակ, Ստամբուլում ահաբեկչության հետևանքով տասը մարդ զոհվեց, մեծամասամբ՝ զբոսաշրջիկներ, անցած տարվա հոկտեմբերին Անկարայում ահաբեկչությունը 103 մարդու կյանք խլեց։

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ իսլամիստ ահաբեկիչների գործողություններից ամենից շատ տուժում է հենց Թուրքիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG