Մատչելիության հղումներ

Անկարայի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 97-ի


Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստվող Թուրքիայում օրակարգային հարց է մնում օրերս մայրաքաղաք Անկարայի երկաթուղային կայարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի:

Պաշտոնական Անկարայի աշխատանքային շաբաթը սկսվել է քաղաքական կուսակցությունների առաջնորդների հերթական հայտարարություններով և ողբերգական ահաբեկչության մանրամասների քննարկումներով:

Անկարայի գլխավոր դատախազության հայտարարության համաձայն` պայթյունները իրականացրել են երկու տղամարդ մահապարտներ: Նրանց ինքնությունը պարզելու համար հետաքննությունը շարունակվում է: Նախնական վարկածով` ահաբեկիչները կարող են «Իսլամական պետություն» խմբավորման անդամներ լինել:

Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդիպում է ունեցել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ: Երկու ղեկավարները ընդգծել են, որ ահաբեկչության դեմ անհրաժեշտ է համատեղ պայքար մղել։

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահհադին Դեմիրթաշը կատարվածի համար մեղադրել է գործող իշխանություններին` հայտարարելով, որ միայն պետական թողտվությամբ է հնարավոր նման պայթյուն իրականացրել մայրաքաղաքի հենց կենտրոնում:

Տեղի ունեցած ողբերգությունը բողոքի մեծ ալիք է բարձրացրել երկրում: Ողջ Թուրքիան սգում է զոհվածների կորուստը և աղոթում հարյուրավոր վիրավորների ապաքինման համար:

Ստամբուլում, Անկարայում, Դիարբեքիրում հազարավոր մարդիկ բողոքի ցույցերի են դուրս եկել` պահանջելով վերջ դնել ահաբեկչությանը և պատժել մեղավորներին:

Քրդական հոծ բնակչություն ունեցող Դիարբեքիրում խաղաղության կոչերով փողոց դուրս եկած ցուցարարները հանդիպել են ոստիկանական ուժերի դիմադրությանը: Թուրքական ոստիկանությունը ջրաշիթերով ցրել է քուրդ ցուցարարներին: Տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Քուրդիստանի բանվորական կուսակցությունը միակողմանի զինադադար է հայտարարել: Թուրքական իշխանությունները, սակայն, սկսել են ավելի մեծ ուժեր կենտրոնացնել երկրի հարավ-արևելյան շրջաններում:

Նոյեմբերի 1-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններից շաբաթներ առաջ տեղի ունեցած այս խոշոր ահաբեկչությունը ավելի է խորացնում վերջին ամիսներին Թուրքիայում ծայր առած ներքաղաքական ճգնաժամը: Երկրում տիրող անկայուն վիճակն ու ահաբեկչության վտանգը սպառնում են խափանել առաջիկա ընտրությունների խաղաղ ընթացքն ու անկառավարելի քաոսի պատճառ դառնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG