Այսօր Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Տաթև և Լոռու մարզի Թումանյան համայնքներում ընտրում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների: Համայնքների խոշորացումից հետո, որը կառավարության որոշմամբ փորձնական կիրառվում է այս մարզերում, սա տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններն են:
Ընտրությունները բավականին ակտիվ են անցնում Սյունիքի մարզում: Այստեղ Տաթև համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին ընտրում են Շինուհայրի, Տաթևի, Խոտի, Հալիձորի, Սվարանցի, Հարժիսի, Տանձատափի և Քաշունու բնակիչները: Ութ գյուղերից և ոչ մեկում դիտորդ չկա: Ճանապարհները դժվարանցանելի են, Տանձատափ, Քաշունի, Տաթև հասնել գրեթե անհնար է:
Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է երեք թեկնածու՝ երկուսը՝ Շինուհայրից, նրանք անկուսակցական են, և Տաթև համայնքի նախկին ղեկավարը, ով Հանրապետական կուսակցության անդամ է: Ավագանու 11 տեղի համար 12 թեկնածու է առաջադրվել: Փոքր գյուղերը ներկայացուցիչներ չունեն:
Ամենամեծ գյուղում՝ Շինուհայրում բնակիչները հերթ կանգնած սպասում էին՝ երբ են ընտրելու: Ընտրատեղամասում շրջում էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը: «Ազատության» հետ զրույցում գյուղացիները հերքում էին, թե մարզպետի թիկնապահն ուղղորդում է իրենց:
Տանձատափի ընտրատեղամասում «Ազատության» այցելության պահին ընտրողներ չկային: 61 ընտրողներից 47-ն արդեն ընտրել էին, հանձնաժողովի նախագահը վստահ էր, որ մյուս քաղաքացիները ևս մինչև օրվա վերջ մասնակցելու են ընտրությանը:
Ընտրատեղամասերում ակտիվությունը մեծ է նաև Տավուշի մարզում: Դիլիջան համայնքի ղեկավարին ընտրում են Դիլիջան քաղաքի և հարակից վեց գյուղերի՝ Հաղարծինի, Աղավնաձորի, Թեղուտի, Գոշի, Հովքի, Խաչարձանի բնակիչները: Առաջադրված երկու թեկնածուներն էլ Դիլիջանից են, հարակից գյուղերից որևէ մեկը համայնքի ղեկավարի պաշտոնի համար իր թեկնածուն չի առաջադրել: Ավագանու 15 տեղի համար 32 թեկնածուներ են պայքարում: Այստեղ գյուղերն ունեն իրենց ներկայացուցիչները:
Ընտրատեղամասերում կուտակումներ են: Թեև Թեղուտի գյուղացիների մեծ մասը անցած մայիսին դեմ էր քվեարկել համայնքների խոշորացմանը, այսօր համայնքի ղեկավարին ընտրելու համար հերթ էր գոյացել: Ընտրատեղամասի դուռը կողպված էր, և միայն հանձնաժողովի անդամի թույլտվությամբ էին դրսում սպասողները ներս մտնում:
Կուտակումներ էին նաև ընտրատեղամասից դուրս: Թեղուտցիներն ասում էին, թե հավաքվելու այլ տեղ չունեն, դրա համար են այստեղ: Միայն լրագրողների ներկայությամբ հանձնաժողովի նախագահը փորձեց արդեն քվեարկած համագյուղացիներից պահանջել ազատել տեղամասի հարակից տարածքը:
Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ինքն է հորդորել գյուղացիներին գալ ընտրության, որպեսզի իրենց մասնակցությունն ունենան համայնքի կառավարմանը:
Չնայած գյուղապետը կողմ չէ համայնքների խոշորացմանը, բայց նշեց, որ առայժմ պարզ չէ, թե կառավարության նախաձեռնած այդ ծրագիրն ինչ ճակատագիր կունենա և արդյոք դրանից կշահի նաև Թեղուտը: Այս, ինչպես նաև Հաղարծին և Գոշ գյուղերում, որոնք դեմ են խոշորացմանը, բնակիչները մտավախություն ունեն, որ Դիլիջանին միանալուց հետո կմոռացվեն, և իրենց խնդիրները լուծում չեն ստանա: «Մեզ կանտեսեն», - ասում էին Թեղուտում և Հաղարծինում` նշելով, որ իշխանությունները երբեք էլ իրենց կարծիքը հաշվի չեն առել:
Տեղական դիտորդների փոխանցմամբ` կուտակումներից զատ այլ խոշոր խախտումներ չեն հայտնաբերվել: