Մատչելիության հղումներ

Դիլիջանն ու հարակից վեց գյուղերը առաջիկա ընտրություններով կմիավորվեն որպես մեկ համայնք


Առաջիկա կիրակի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում և հարակից վեց գյուղերում` Հաղարծին, Աղավնաձոր, Թեղուտ, Գոշ, Հովք, Խաչարձան, տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ:

Այս ընտրությամբ քաղաքային ու գյուղական այս բնակավայրերը կմիավորվեն որպես մեկ համայնք: Կառավարության այս ծրագիրը փորձնական կիրառվում է Տավուշի, ինչպես նաև Սյունիքի և Լոռու մարզերում:

Դիլիջան համայնքի ղեկավարի աթոռի համար պայքարի են դուրս ելել երկու դիլիջանցի թեկնածուներ` գործող քաղաքապետ, Հանրապետականի ներկայացուցիչ Արմեն Սանթրոսյանն ու Դիլիջանի նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանը:

Գործող քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը իր շանսերը 70 տոկոս է գնահատում։

«Չեմ կարծում, թե դիլիջանցիները նախապատվություն կտան անկուսակցական թեկնածուի»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սանթրոսյանը` պարզաբանելով, թե Հանրապետականը շատ բան է արել Դիլիջանի համար, և իրեն պարտավորեցնում է այն, որ այս ընտրություններում իրեն առաջադրել է հարազատ կուսակցությունը:

Սանթրոսյանն արդեն չորրորդ անգամ է մտնում քաղաքապետի ընտրապայքարի մեջ։ Նա համոզված է՝ տեղական բյուջեով և կառավարության աջակցությամբ հնարավորություն կա զարգացնել ոչ միայն Դիլիջանը, այլև հարակից գյուղերը:

«Ավտոբուսներ կբերվեն գյուղեր, մանկապարտեզներ և խաղահրապարակներ կկառուցվեն գյուղերում», - ասաց նա:

Անցած տարի Տավուշի բնակավայրերում անցկացված հանրաքվեի արդյունքների համաձայն՝ վեց գյուղերի կեսը դեմ էին արտահայտվել խոշորացմանը, սակայն Սանթրոսյանը դրանում խնդիր չի տեսնում, ասում է, թե կարճ ժամանակ անց կհամոզվեն դրանում: Ի պատասխան դիտարկման, թե ավագանու 15 տեղի համար 32 թեկնածուների գերակշռող մասը Դիլիջանից են, իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր գյուղից հազիվ մեկ թեկնածու կընտրվի, Սանթրոսյանը նկատեց, որ դա խնդիրներ չի հարուցի համաչափ զարգացման հարցում:

Նա նաև վստահեցրեց, որ գյուղի բնակիչները, մասնավորապես, տեղեկանքների ձեռքբերման խնդիրներ չեն ունենա, քանի որ տեղերում մեկ պատուհանի սկզբունքով են աշխատելու, և տեղի ներկայացուցիչների օգնությամբ կլուծվի նաև այդ և այլ խնդիրներ:

Սանթրոսյանի մրցակիցը՝ նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանը, համոզված է, որ դիլիջանցիներն ու հարակից վեց գյուղերի ընտրողները նախապատվությունը կտան հենց իրեն: Թեկնածուն անցած տասը տարիներին երկու կուսակցություն է փոխել` սկզբում Հանրապետական, հետո՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամն այսօր որպես անկուսակցական է հանդես գալիս, սակայն չի բացառում, որ ընտրվելուց հետո նորից կհամալրի Հանրապետական կուսակցության շարքերը:

«Եթե դա բխի ժողովրդի շահերից, կարող եմ և դառնալ հանրապետական», - ասաց նա: - «Ընդդիմադիր թեկնածու ինձ չեմ համարում։ Ես ոչ մի առավելություն չեմ տեսնում, անգամ որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, բայց Հանրապետական և մնացած կուսակցությունների խաղեր չի սա, բոլոր կուսակցություններն էլ ինձ սատարում են։ Կոնգրեսը չի սատարում, բայց ներկայացուցիչներ կան, որ սատարում են», - պնդեց անկուսակցական Սահաբալյանը։

Դիլիջանի նախկին քաղաքապետը նաև քննադատեց գործող քաղաքապետին, ում հետ անցած տարիներին երկու անգամ է մրցապայքարի մեջ մտել` մեկ անգամ պարտվել է 64 ձայնով, մյուս անգամ ինքնաբացարկ հայտնել։

«Թերություններ կան քաղաքում, դա եմ ուզում փոխել։ Առաջինը, որ առողջարանային քաղաք է, բայց ոչ մի բան չի արվում, որ մարդը երկրորդ անգամ գա Դիլիջան: Համայնքների խոշորացման հետ կապված՝ դեռ քաղաքապետ եղած տարիներիս այս աշխատանքները նախանշվեցին՝ կողմ եմ խոշորացմանը: Ես, որպես քաղաքի բնակիչ, չեմ տեսնում, որ քաղաքի բյուջեով կարևոր բան է արվում։ Մի հատ մաքրման հարց չի լուծվում։ Եթե այսօր այստեղ միջազգային դպրոց կա, բանկ կա՝ դա քաղաքային բյուջեով չի արվում, որ մարդը վերագրի, թե ինքն է անում։ Բյուջեի աշխատանքը թող մատնանշի: Բյուջեն էլ շատ մեծ բյուջե է, ի՞նչ է անում: Մարդիկ այստեղ պետք է գան ոչ թե շոգից հանգստանան, այլ ամառ-ձմեռ գան: Չեմ ասում, որ վատնում է բյուջեն, բայց ճիշտ չի օգտագործում։ Իմ օրոք մանկապարտեզները անվճար էին, սոցիալապես անապահովների համար տրանսպորտը անվճար էր»:

Թեև Սահաբալյանը նախընտրական ծրագիր չունի և ասում է, թե ընտրվելուց հետո կունենա, ծրագրային մեկ դրույթ, այնուհանդերձ, հիշատակեց, ասաց՝ «ընտրվելուց հետո քաղաքը կմաքրեմ աղբից»։

Պաշտոնական տվյալներով, Տավուշի այս համայնքներում ավելի քան 20,000 ընտրող կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG