Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանը և Հովհաննես Հովսեփյանը հանրային միջոցներ չեն օգտագործել. նախագահի խոսնակ


Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյան
Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյան

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսնակն այսօր անդրադարձել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական խմբի հնչեցրած քննադատություններին՝ նշելով, թե նախագահականի պաշտոնյաների մասնակցությունը «Այո»-ի քարոզարշավին չի հակասում օրենքին:

ԵԱՀԿ-ի դիտորդները սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ իրենց վերջնական զեկույցում քննադատել էին պաշտոնյաների ներգրավվածությունը քարոզարշավում: Հիշեցնելով, որ հանրաքվեից ամիսներ առաջ օրենքում կատարվեցին փոփոխություններ՝ հնարավորություն տալով քաղաքական ու հայեցողական պաշտոն զբաղեցնողներին քարոզչություն իրականացնել, զեկույցն ընդգծում է.- «Հանրաքվեի ընթացքում իշխանությունները «Այո» քարոզարշավի համար խոշոր հանրային միջոցներ մոբիլիզացրեցին. «Այո» նախընտրական շտաբերը ղեկավարվում էին վարչապետի կողմից, և նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը, Վերահսկիչ պալատի և ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարները ներգրավված էին քարոզչության մեջ»։

Փաստելով, որ այս բոլոր պաշտոնյաները վարձատրվում են պետական և տեղական բյուջեից, զեկույցը նշում է.- «Նրանք զգալի հանրային միջոցներ են օգտագործել «Այո» քարոզարշավի ընթացքում՝ դրանով իսկ մարտահրավեր նետելով ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կառույցների առջև ստանձնած պարտավորություններին»։

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, հայտնեց.- «Հայաստանի Հանրապետության ընտրական գործընթացներում Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի և վերահսկողական ծառայության պետի ներգրավվածությունը որևէ կերպ չի հակասում գործող օրենսդրությանը: Վիգեն Սարգսյանը և Հովհաննես Հովսեփյանը 2015թ. սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի ընթացքում «Այո» նախընտրական շտաբի աշխատանքներին մասնակցել են աշխատանքից ազատ ժամերին, և նրանց կողմից հանրային միջոցներ չեն օգտագործվել»։

ԵԱՀԿ-ի դիտորդների քննադատությանն է արձագանքել նաև Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ սահմանադրական բարեփոխումների քարոզարշավին «Աբրահամյանի՝ որպես «Այո»-ի նախընտրական շտաբի պետ ներգրավվածությունը չի հակասում Հայաստանի օրենսդրությանը: Քանի որ Հովիկ Աբրահամյանը աշխատանքից դուրս ժամերին է մասնակցել շտաբի աշխատանքներին, հետևաբար հանրային միջոցներ չեն օգտագործվել»։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական խումբը մտահոգություն է հայտնում նաև իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ քարոզարշավի ընթացքում հեռարձակված «Եռանկյունի» հաղորդաշարի կապակցությամբ: Փորձագիտական խումբը նշում է, թե թոք շոուի հինգ հաղորդումներից երկուսը վերաբերել են հանրաքվեին: Զեկույցն ընդգծում է, որ հաղորդումը վարել է կրթության նախարար Արմեն Աշոտյանը, ով Հանրապետականի փոխնախագահն է և «Այո»-ի շտաբի անդամը: «Թեև նման պրակտիկան արգելված չէ օրենքով, սակայն այն ստեղծել է շահերի բախման ընկալում և կասկածի տակ է դրել հանրային հեռուստաալիքի անկողմնակալությունը»,- ասված է զեկույցում:

Մինչդեռ Արմեն Աշոտյանը պնդում է՝ եթե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները համբերությամբ հետևեին քարոզարշավի ընթացքում հեռարձակված բոլոր հաղորդումներին, ապա կտեսնեին, որ անկողմնակալության խնդիր չկար:

«Մի կողմից ուրախալի է, որ դիտորդական առաքելությունը խնդիրների շարքում նման փոքր տրամաչափի, ենթադրական բնույթի խնդիրներ է թվարկել, մյուս կողմից, իհարկե, պետք է չհամաձայնել այս պնդման հետ, որի իրական աղբյուրը, կարծում եմ, տեղական որոշ կազմակերպությունների ոչ այդքան օբյեկտիվ գնահատականն էր հաղորդաշարին»,- ասաց Աշոտյանը։

«Երկրորդ հանգամանքն այն էր, որ այն քաղաքական ուժը, որն ամենաշատն էր դժգոհ հաղորդաշարից հենց մեկնարկից՝ տարածելով քննադատական հայտարարություն, խոսքը ՀԱԿ-ի մասին է, մասնակցեց հաղորդումներից մեկին՝ նվիրված հենց սահմանադրական հանրաքվեին։ Եվ որքանով կարող եք դատել ինքներդ եթերից, բավականաչափ գոհ մնաց օբյեկտիվ և անաչառ լուսաբանումից։ Կարծում եմ՝ այդ ձևակերպումները, որոնք տեղ են գտել զեկույցում, ավելի շատ նախնական մտահոգությունների արդյունք կարող էին լինել, բայց ոչ երբեք հաղորդաշարի ամբողջական ընկալման տիրույթում օբյեկտիվ համարվել»,- նաև նշեց ՀՀԿ-ի փոխնախագահը։

«Ազատության» դիտարկմանը, թե զեկույցում չի ասվում, որ հեռուստահաղորդման կողմնակալության վերաբերյալ ընկալումները եղել են քաղաքական ուժերի կամ կազմակերպությունների կողմից, և դիտորդները, ըստ էության, նույնպես հետևել են «Եռանկյունի» թոք շոուին, Աշոտյանը արձագանքեց.- «Չգիտեմ՝ հետևել են, թե չեն հետևել, այնուհանդերձ, եթե համբերությամբ հետևեին ութ հաղորդաշարերին մինչև հանրաքվե, կտեսնեին, որ սուբյեկտիվության հետ կապված մտահոգությունները կարող էին մղվել հետին պլան»։

Մինչդեռ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով և հրավիրված էր Աշոտյանի հաղորդմանը, հակադարձում է.- «Ոնց էլ ինքը իրեն պահի, կրթության նախարարը և Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության փոխնախագահը չի կարող վարել հաղորդում Հանրային հեռուստատեսությունում, որովհետև անգամ իր դեմքը օբյեկտիվության բոլոր կանոնները խախտում է»։

Զուրաբյանի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի դիտորդները, ըստ էության, վերահաստատել են հանրաքվեի հետ կապված ՀԱԿ-ի մտահոգությունները: Մասնավորապես այն, որ պաշտոնյաները, ներգրավվելով քարոզարշավում, օգտագործել են վարչական ռեսուրս: Բացի այդ, ըստ Զուրաբյանի, դիտորդները ինչ-որ չափով աջակցություն են հայտնել ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները հրապարակելու իրենց պահանջին: Ըստ էության, մեղադրել են իշխանություններին ընտրական գործընթացի բարելավումը տապալելու և ԵԱՀԿ-ի հանձնարարականների ուղղությամբ որևէ նշանակալի քայլ չկատարելու համար:

«Առաջին անգամ Հայաստանի նորանկախ պատմության մեջ ունենք այսպիսի բացասական, կոշտ եզրակացություն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից։ Առաջին անգամ որևէ ձևակերպումով չի լեգիտիմացվում անցած ընտրական պրոցեսը՝ հանրաքվեն։ Ավելին՝ առաքելությունը նշում է, որ այն տեղամասերում, որտեղ նրանք եղել են, ըստ էության, տեղի է ունեցել և՛ ահաբեկում, և՛ այնպիսի խախտումներ, որոնք փոխել են արդյունքը։ Ես կարող եմ ասել՝ սա միայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարծիքների կամ տրամադրությունների փոփոխության խնդիր չէ։ Ես հանդիպել եմ Եվրոպական միության ներկայացուցչի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի դեսպանների հետ։ Բոլոր այս կոնտակտները վկայում են, որ միջազգային հանրության ընկալման մեջ փոխվել է լուրջ մի բան։ Այսինքն մեր մեղադրանքները այլևս ընկալվում են շատ լուրջ, և Հայաստանի իշխանությունների առաջ դրվում են շատ լուրջ պահանջներ՝ գնալ ընտրական գործընթացը վերափոխելու՝ ընդդիմության պահանջների իրականացման ուղիով»,- ասաց Զուրաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG