Մատչելիության հղումներ

Լևոն Զուրաբյանը ԵՄ և ԵԽ ներկայացուցիչներին կոչ է անում աջակցել իրական փոփոխություններին


Եվրամիությունն ու Եվրախորհուրդը այսօր հայտարարեցին Հայաստանի իշխանություններին ավելի քան 300 հազար եվրո տրամադրելու մասին, որով դասընթացներ են անցկացվելու ընտրական հանձնաժողովների ու դիտորդների համար:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի պնդմամբ՝ իշխանությունները քվեարկության էլեկտրոնային համակարգ ներդնելու շղարշի տակ կարող են ընտրակեղծարարության ավելի արդյունավետ համակարգ ստեղծել:

Հայաստանյան ընտրական գործընթացներին աջակցելու ծրագրի ներկայացմանը Զուրաբյանը Եվրամիության ու Եվրախորհրդի ներկայացուցիչներին կոչ արեց դասընթացներ անցկացնելու փոխարեն աջակցել իրական փոփոխություններին․ - «Պարտնյոր ունենալ մի ընտրական հանձնաժողովի նախագահ, որի միակ գործը այն է, որ այդ ամբողջ հանցագործությունը լեգիտիմացնի, այդ ամենը ժամանակի և էներգիայի իզուր կորուստ է: Հիմնական նպատակը միջազգային հանրության պետք է դառնա այս խարդախ, հանցավոր, խաբեբա մեքենայի ջախջախումը: Որ հայ ժողովուրդը վերջապես կարողանա ազատորեն արտահայտել իր կամքը»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ընդդիմադիր պատգամավորի մեղադրանքը չընդունեց․ - «Բացառապես սեփական տեսակետները, մոտեցումները․․․ կարծիքն է, որը որևէ առնչություն ու աղերս չունի իրականության հետ»:

Ակնկալվում է, որ շաբաթներ անց արդեն խորհրդարան կմտնի Սահմանադրության փոփոխություններին համապատասխանեցված նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը: Օրեր առաջ Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը հայտարարեց, որ իշխող ուժը էլեկտրոնային քվեարկության եղանակի ներդրման ջատագովն է․ - «Մեխանիզմները, որ մեզ ներկայացվեցին, իսկապես կարծեք թե ապահովելու են բացարձակ վստահություն մեր քաղաքացիների կողմից այն ընտրության ժամանակ, որը պետք է իրականացվի այդ մեխանիզմներով»:

Միջազգային պրակտիկայում հայտնի է էլեկտրոնային քվեարկության մի քանի տարբերակ․ թե որն է ընտրվելու Հայաստանում՝ դեռ հստակ չէ:

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծում է՝ էլեկտրոնային քվեարկությունը երաշխիք չէ, որ ընտրություններն արդար են լինելու․ - «Տեխնոլոգիան փորձարկվել է այլ երկրներում, երբեմն իրական հաջողությամբ, նույնիսկ պարտված ընդդիմությունն ընդունել է, որ գործընթացն արդար է եղել, և նրանք չէին կարող մեղադրել մեքենաներին: Բայց, իհարկե, արդար ընտրությունների համար մեքենաները բավարար չեն, մարդկային գործոնը հավասարապես կարևոր է»:

Լևոն Զուրաբյանը կարծում է, որ էլեկտրոնային քվեարկություն պետք է կիրառվի, սակայն ոչ նույնականացման քարտերի սկզբունքով, ինչպես ցանկանում է իշխանությունը․ - «Որովհետև նրանք կարող են հազարավոր իդենտիֆիկացիոն քարտեր հրատարակեն և բազմակի քվեարկության բրիգադների փորձը շարունակեն անպատիժ կիրառել: Պետք է անցնել մի այնպիսի էլեկտրոնային համակարգի, որի հիմքում ընկած է մատնահետքերով անձի իդենտիֆիկացիան, որը կբացառի նույն մատնահետքով որևէ մեկի երկրորդ քվեարկությունը»:

Զուրաբյանը կրկնեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների՝ Հայ ազգային կոնգրեսի առաջարկները․ - «Ստորագրված ցուցակների հրապարակումն է, ցուցակների մաքրումը, վիդեոկամերաների տեղադրումը բոլոր տեղամասերում և էլեկտրոնային, մատնահետքերով իդենտիֆիկացիայով համակարգը»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, սակայն, մատնահետքերով էլեկտրոնային քվեարկության համակարգի ներդրման մեջ լուրջ խնդիրներ է տեսնում՝ ասելով, որ կարիք կլինի ստեղծել մատնահետքերի բազա:

Ընդդիմադիր կուսակցության մյուս առաջարկներին ԿԸՀ նախագահը դեմ է․ - «Ես դեմ եմ ցուցակները հրապարակելուն, և իմ տեսակետը համահունչ է միջազգային ստանդարտներին: Տեսախցիկներ տեղադրելու առումով ևս, դա իմ կարծիքն է, ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում: Առավել ևս, որ մեր մոտ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին հնարավորություն է ընձեռված լուսանկարահանել, տեսանկարահանել ընտրական ամբողջ գործընթացը»:

XS
SM
MD
LG