Մատչելիության հղումներ

Շփման գծում 20-ամյա զինծառայող է զոհվել


Հակառակորդի գնդակից այս գիշեր զոհվել է շարքային զինծառայող 20-ամյա Սիմոն Ճավռշյանը, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը։

Ըստ հաղորդագրության, անցած գիշեր Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կրկին լարված է եղել, ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց։

Հակառակորդի գնդակից զոհված զինվորը զորակոչվել էր Շիրակի մարզի Փանիկ գյուղից, ընտանիքի կրտսեր որդին էր, սոցցանցում զինվորի վերջին գրառումը հունվարի 23-ին է, գրել էր՝ «Մնաց 5 ամիս»։

Ի տարբերություն Ղարաբաղի, հայ-ադրբեջանական սահմանագծում գիշերը համեմատաբար խաղաղ է անցել, «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանն ընդգծում է՝ մահացու միջադեպից ժամեր առաջ ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում էր անցկացրել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, հրադադարի ռեժիմի խախտում չէր արձանագրվել։

Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ պաշտոնական Բաքուն միտումնավոր է նման քայլերի դիմում՝ Մինսկի խմբի հեղինակությունը կասկածի տակ դնելու համար։

«Սա ընդհանրապես խայտառակություն է, մենք անընդհատ ասում ենք, որ տեսնում եք՝ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, տեղում լուրջ մեխանիզմներ մշակել, իրենք համաձայնում են, բայց Ադրբեջանը տապալում է և շանտաժի է ենթարկում»,- ասաց պաշտոնյան։

Բաբայանը հիշեցնում է հայկական կողմի առաջարկները Ադրբեջանին՝ դիպուկահարների հետքաշում, տոնական ու այլ միջոցառումների օրերին առավել զսպվածության դրսևորում և այլն, ինչին մերժողական պատասխան է տրվել։

«Իրենց ցանկացած ոտնձգություն պետք է իրենց համար շատ թանկ նստի, և այդպես էլ կա։ Բայց հիմա քանի որ ադրբեջանական ռեժիմը վատ վիճակում է հայտնվել, լեգիտիմության խնդիր կա, տնտեսությունը անկում է ապրում, մարդկանց մոտ դժգոհություն կա, նրանց համար նույնիսկ լավ է, որ իրենց բանակը զոհեր է տալիս, որովհետև սա շոուի մի մասն է, որպեսզի բնակչության ուշադրությունը շեղվի»,- ընդգծեց Ղարաբաղի նախագահի խոսնակը։

Նախօրեին հրադադարի խախտման դեպքեր են արձանագրվել նաև Հայաստանի հետ սահմանին։ Ինչպես տեղից հաղորդում է «Ազատության» թղթակիցը, կրակոցների տակ էր հայտնվել սահմանից 1.5 կմ հեռու գտնվող Բերքաբեր գյուղը, վնասվել էր գյուղացիներից մեկի մեքենան։

«Մեքենայիս վրա գործ ունեի անելու, տարա գյուղի տարածքում յամա կար, գործ արեցի վերջացրեցի, դուրս եկա, կրակոցները սկսվեցին, մեքենաս թողեցի ու փախա, սկսեցին տարբեր զենքերից կրակել», - «Ազատության» հետ զրույցում պատմեց վարորդ Գորիկ Քոչարյանը։

«Կրակում են, էլի, մի օր դադարում է, հետո սկսում է էլի»։ «Էս էրեխեն սրտաճաք ա լինում, մի սուտի թմփոց ա լինում՝ վախենում է, էն մեկն էլ բարուրում է։ Գիշերվա ժամը 4-ին մեքենան խոդ ենք անում, փախչում»։ «Ստեղ տենց տեղ չկա, որ չերևաս, ամեն տեղ էլ երևում ես»,- պատմում էին Բերքաբերի բնակիչները։

Պաշտոնական Բաքուն հայկական կողմին է մեղադրում. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը օրեր առաջ հայտարարեց, թե հայ-ադրբեջանական սահմանագծում դիվերսիոն գործողություն է եղել, որի հետևանքով զոհվել է մեկ ադրբեջանցի և երեք հայ զինվոր։ Հայկական կողմը հերքում է այս տեղեկությունները՝ պնդելով, թե ադրբեջանական զինված ուժերում ներքին` ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով է զոհ գրանցվել։

Անցած տարեվերջին նախագահների մակարդակով կազմակերպված հանդիպումից հետո բանակցային գործընթացում այդպես էլ առաջընթաց չարձանագրվեց։ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, թե կողմերի մոտեցումները չեն համընկնում՝ դրա համար մեղադրելով ադրբեջանական կողմին:

«Բայց այստեղ ոչ միայն Ադրբեջանի մոտեցումները չեն համընկնում, մոտ չեն Հայաստանի մոտեցումներին, այլ նաև Ադրբեջանի մոտեցումները չեն համընկնում և չեն համապատասխանում եռանախագահող երկրների առաջարկներին»,- ասել էր Հայաստանի արտգործնախարարը։

XS
SM
MD
LG