Մատչելիության հղումներ

Կարեն Ճշմարիտյանը «անհնար» է համարում Հայաստանում մոնոպալիաների առաջացումն արգելելը


Էկոնոմիկայի նախարարը նաև չհստակեցրեց, թե նախորդ տարիներին ինչ հաջողության են հասել իշխանությունները մոնոպոլ դիրքերի չարաշահումների դեմ պայքարում:

«Մոնոպոլիաների դեմ պայքար կառավարությունը չի տարել ու չի տանելու: [Կառավարության] Քաղաքականությունը, օրենսդրությունն ուղղված է մոնոպոլ դիրքի չարաշահման, անտիտրեստովսկի համաձայնությունների․․․ և այլն, որը օրենքով նշված է: Այսինքն, չթողնենք, որ մոնոպոլիա առաջանա, Հայաստանում դա հնարավոր չէ: Վերադառնամ 2000 թիվ, երբ որ նոր այդ օրենքը քննարկում էինք: Կային մարդիկ, որ ասում էին՝ այո, մենք պիտի չթողնենք, որ Հայաստանում լինի մոնոպոլիա: Այդ դեպքում, իսկ 2000 թվին մենք ունեինք բազմաթիվ խոշոր ընկերություններ, որոնք մոնոպոլիստ էին, մենք պիտի դրանք փակեինք», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Ճշմարիտյանը:

Հարցին՝ արդյո՞ք իրեն չի նյարդայնացնում, որ Երևանի հետ նույն մաքսային տարածքում գտնվող Մոսկվայում, օրինակ, բանանի գինը գրեթե երեք անգամ էժան է երևանյանից, նախարարն արձագանքեց․ - «Ինչ վերաբերում է կոնկրետ մոնոպոլիային, կոնկրետ բանանին կամ որևէ այլ արտադրատեսակին․ եթե այնտեղ գոյություն ունի մոնոպոլ դիրքի չարաշահում, ապա օրենսդրությունը պիտի կիրառվի խստորեն»:

Նշենք, որ Հայաստանում բանանի խոշորածավալ ներկրմամբ զբաղվում է «Քեթրին գրուպ» ընկերությունը, որը 1997 թվականին հիմնադրել են ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը և իր կինը՝ Կարինե Մխիթարյանը:

Տարիներ ի վեր հայաստանյան հատկապես փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, փորձագետները հայտարարում են՝ տնտեսությունում առկա մենաշնորհները խեղդում են մրցակցությունը՝ անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծելով տնտեսության զարգացման համար:

Այդ խնդիրը պարբերաբար բարձրացվում է իշխանությունների առջև: Օրինակ, 2014 թվականի սեպտեմբերին Պրահայում՝ Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպմանը, երբ նախագահ Սերժ Սարգսյանին հարցրել էին՝ ինչո՞ւ է շաքարը Հայաստանում մեկ մարդ ներկրում, ըստ «Առավոտ» պարբերականի, Սարգսյանը պատասխանել էր․ - «Բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն»:

Տարիներ առաջ մեծ աղմուկ բարձրացրեց Համաշխարհային բանկի զեկույցը, ըստ որի Հայաստանի տնտեսությունը ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում:

Կարեն Ճշմարիտյանն այսօր նշեց, որ կառավարությունը լուրջ ուշադրություն է դարձնելու այդ զեկույցին․ - «Կառավարությունը, մասնավորապես Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնելու է օրենսդրական համապատասխան փոփոխություններ, որպեսզի հնարավոր լինի հետագայում այսպիսի որակումներից հեռու մնալ: Որովհետև դա ընդհանուր ներդրումային մթնոլորտի վրա, իհարկե, բացասական ազդեցություն ունի»:

Նախարարը հարկ համարեց հավելել․ - «Այնպես չէ, որ բոլոր զեկույցները հարյուր տոկոսով համապատասխանում են իրավիճակին: Մենք ունենք բազմաթիվ զեկույցներ, որոնցում․․․ երկար ժամանակ աշխատում ենք, որ հետո ուղղեն»:

Ամփոփելով անցած տարին՝ նախարարն ասաց, որ տնտեսական աճը կլինի 3 տոկոսի մոտ: Նշեց, թե 2016-ը լինելու է ավելի դրական, քան կառավարությունը կանխատեսել է: Այս տարվա պետբյուջեով նախատեսվում է նախորդից մոտ երկու անգամ քիչ՝ 2.2 տոկոս տնտեսական աճ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG