Մատչելիության հղումներ

Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը Ազգային ժողով կներկայացի մոտ երկու շաբաթից


Նախագծի վրա աշխատող խմբի անդամ Հրայր Թովմասյանը խոստանում է, որ հաջորդ շաբաթվանից նախագիծը որոշակի հրապարակայնություն կստանա:

«Ազգային ժողով չի եկել, դեռևս քննարկման փուլում է: Կարծում եմ, մոտ երկու շաբաթից արդեն պատրաստ կլինի և կգա Ազգային ժողով», - այսօր ասաց Գալուստ Սահակյանը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հակադարձում է․ - «Եթե կուլիսներում մի երկու կուսակցություն փորձում են բլիթը բաժանել, դա ամենևին քննարկումներ չեն»:

Դաշնակցությունը ևս տեքստի վրա չի աշխատում, սակայն, ըստ պատգամավոր Արծվիկ Մինասյանի, իրենց սկզբունքային առաջարկները նոր օրենսգրքում հաշվի կառնվեն․ - «Առաջիկայում, երբ կհրապարակվի նախագիծը ամբողջությամբ, ես վստահ եմ, որ մենք կարող ենք դա տեսնել: 2017 թվականի ընտրությունները մի քանի գլուխ ավելի բարձր որակով է լինելու, քան նախորդ որևէ ընտրություն»:

Ընտրական նոր օրենսգրքի վրա աշխատող խմբի անդամ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը խոստանում է, որ հաջորդ շաբաթվանից նախագիծը որոշակի հրապարակայնություն կստանա: Նրա խոսքով, ոչ մեծ խմբով են աշխատում, ներգրավված են Արդարադատության նախարարությունն ու կառավարության աշխատակազմը:

Թովմասյանի փոխանցմամբ՝ գլխավոր խնդիրը ընտրությունների հանդեպ վստահության ամրապնդումն է: Այդ նպատակով ներդրվելու է էլեկտրոնային վերահսկողության համակարգ: Այժմ քննարկում են մի քանի մոդել, այդ թվում էլեկտրոնայինին զուգահեռ թղթային տարբերակը՝ մատյաններում ստորագրությունը պահպանելու պայմանով: Հնարավոր տարբերակներից է նաև ընտրատեղամասերը «լոկալ ցանցով ապահովելը, նույնականացման քարտով քաղաքացու տվյալները համակարգիչ մուտքագրելը և ընտրական կտրոն տրամադրելը»:

«Մոլդովայում վերջին ընտրությունների ժամանակ իրենք ունեին միասնական համակարգ՝ ինտերնետի միջոցով ամբողջ ցանցը իրար էր միացած: Ընդամենը 15-20 րոպե հետո «մասնագետները» ամբողջ ցանցը անջատեցին․․․ Սրանից ելնելով, խորհուրդ է տրվում, որ դրանք ունենան լոկալ ցանց»:

Իշխող Հանրապետականի խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի խոսքով՝ էլեկտրոնային համակարգի մասին առաջարկությունը նաև իրենք են արել: Այժմ ֆինանսական աջակցություն են փնտրում․ - «Բանակցություններ վարվում են տարբեր երկրների դեսպանությունների, տարբեր երկրների ներկայացուցիչների հետ: Կարծում եմ, որ կգտնվեն ֆինանսավորման աղբյուրներ, և կարծում եմ, որ էլեկտրոնային համակարգով քվեարկությունը միանշանակորեն կբարձրացնի վստահության աստիճանը քվեարկության արդյունքների նկատմամբ»:

Գալուստ Սահակյանը շեշտում է, որ նոր օրենսգրքի մեխը լինելու է արդար ընտրություններ ապահովելը․ - «Ոչ թե մինչև հիմա արդար չեն եղել, այլ թերություններով են եղել, խախտումներ եղել են: Որպեսզի հավատ արթնանա ժողովրդի մեջ, կլինի սարքավորում, որի տեղադրումը ոչ թե Հայաստանը կանի, այլ միջազգային կազմակերպությունները»:

Արամ Մանուկյանը, սակայն հակադարձում է, որ իրենք գիտեն, թե իշխանությունների ընտրակեղծիքների պահեստը որն է՝ ուռճացված ընտրացուցակները, ընտրողների ստորագրած ցուցակների չհրապարակումն ու թույլ վերահոսկողությունը․ - «Իրենք կհամարձակվե՞ն այդ պահեստը փակել՝ հաճույքով կգնանք կօգնենք: Չէ՝ ուրեմն նույն խաղն են շարունակում․․․ Խաբեությունը արդեն քանի տարի իրենք կիրառում են․․․ Մենք ասում ենք՝ կա լուծման համակարգ, մշակված համակարգ, փորձություն անցած համակարգ․ ուզո՞ւմ եք արդար ընտրություն՝ անցկացրեք այն կետերը, որ մենք ասում ենք, որ արդարության և վստահության հիմք են: Մնացածը բլեֆ է»:

XS
SM
MD
LG