Մատչելիության հղումներ

Քաղաքացիական ակտիվիստը բարձրաձայնում է իրեն ծեծի ենթարկելու մասին


Ակտիվիստ Կարեն Հարությունյանը:
Ակտիվիստ Կարեն Հարությունյանը:

Հարձակումը, Կարեն Հարությունյանի փոխանցմամբ, տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ, երբ երեկոյան դուրս է եկել աշխատավայրից:

Իշխանությունների հասցեին սուր քննադատությամբ հայտնի ակտիվիստ Կարեն Հարությունյանը պնդում է, որ բռնության է ենթարկվել իր քաղաքացիական դիրքորոշման համար:

Հարձակումը, Հարությունյանի փոխանցմամբ, տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ, երբ երեկոյան դուրս է եկել աշխատավայրից: Սկզբում նրան մեկն է մոտեցել․ - «Հարցրեց՝ Կարենը դո՞ւ ես, ու միանգամից չորս կողմից սկսվեցին հարվածներ: Չեմ էլ հասցրել պատասխանել»:

Ըստ ակտիվիստի, դեմքին ուղղված հարվածներից ինքն ընկել է, հարձակվողները, սակայն, շարունակել են բռնությունը:

Թեև իրեն ոչինչ չեն ասել, սակայն Կարենը վստահ է, որ պատճառը անձնական չէր և կապ ունի իր քաղաքացիական ակտիվության հետ: Ծեծի ենթարկվելու օրը նա անդրադարձել էր ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի աղմկահարույց գրառմանը զինվորականությանը քննադատող ակտիվիստի հասցեին․ - «Ուղղակի իր գրածը տեղադրել էի իմ պատին, ինչը մեծ արձագանք ստացավ: Դա եղել է հենց այդ օրը: Ու նաև հաշվի առնելով, թե ով է Շուշան Պետրոսյանը, ով է իր ամուսինը, որը միշտ սպառնացել է բոլորին՝ հնարավոր համարում եմ, որ դրա հետ կապված կլինի»:

Հարությունյանը միջադեպի մասին մեկ շաբաթ անց է որոշել խոսել, քանի որ մինչ այդ ինքն էր փորձում պարզել պատճառները:

Սա նրա դեմ բռնության առաջին դեպքը չէ: Շուրջ մեկ տարի առաջ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչների մեքենաների հետ հրկիզվել էր նաև Կարենի մեքենան:

Ակտիվիստների դեմ հարձակումներից որևէ մեկը չի բացահայտվել, ուստի այս անգամ Կարենը որոշել է ոստիկանություն չդիմել․ - «Չեմ դիմել, չեմ էլ պատրաստվում, որովհետև իմ նախորդ փորձից ու մյուսների փորձից տեսնում եմ, որ ոստիկանությունը ակնհայտ շահագրգռված չէ: Ընդհակառակը՝ շահագրգռված է, որ չբացահայտի կամ սարքի, որ սա անձնական է․․․ Մի անգամ վառել, մի անգամ ջարդել են, մի քանի անգամ մեքենայիս հետ է դեպք եղել: Ոստիկանություն տանելիս ծեծելը: Էլի դեպք է եղել բռնության․․․ եկել հարվածել, փախել էին: Այդ բոլոր դեպքերում ոստիկանությունը պարտաճանաչ իր գործը արել է․ քրեական գործ է հարուցել, ինձ տուժող է ճանաչել, կանչել է, հարցաքննել է․․․ ինձնից ահագին ժամանակ է խլել, բայց ոչ մի բան չի բացահայտել»:

Դատախազությունից «Ազատության»-ը տեղեկացրին, որ Կարեն Հարությունյանի դեմ բռնության վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են Ոստիկանություն, այնտեղ էլ կորոշվի՝ գործին ընթացք տրվում է, թե՝ ոչ: Ոստիկանությունից փոխանցեցին, որ դեռ գրություն չեն ստացել:

Նախորդ տարի մի շարք ակտիվիստներ էին հայտարարել իրենց դեմ բռնությունների մասին: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը, ով այժմ կալանավորված է ոստիկանի դեմ բռնություն կատարելու մեղադրանքով, 2015-ի սկզբում բարձրաձայնել էր ոստիկանի կողմից իր դեմ կիրառված բռնության մասին: Տարեսկզբին դաժան ծեծի էր ենթարկվել նաև քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը: Փետրվարին առևանգվել ու դաժան ծեծի էր ենթարկվել ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանը:

«Ազատության» հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ այս երեք գործերով էլ վարույթները կասեցվել են՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց հայտնի չլինելու պատճառով։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է, որ ակտիվիստների դեմ բռնության գործերի չբացահայտումը վկայում է, որ խնդիր կա բռնությամբ ճնշել քաղաքացիական ակտիվությունը:

«Միտումը չբացահայտելու ի ցույց է դրված, և ասում են, որ՝ դուք պետք է գնաք ու ձեր տներում նստեք, ոչ մի բանի դեմ չպետք է բողոքեք, և բողոքելու դեպքում բռնություն է լինելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG