Մատչելիության հղումներ

Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից հետո նավթի գինն ավելի է ընկել


Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելուց հետո նավթի առանց այդ էլ ցածր գները ավելի ընկան: Այսօր առավոտյան Լոնդոնի բորսայում մեկ բարելի գինը 28 դոլարից ցածր էր, ինչը 2003 թվականից հետո նավթի ամենացածր գինն էր։ Ժամեր անց նավթի մեկ բարելի գինը կանգնել է 29 դոլարի սահմաններում:

Ազատվելով պատժամիջոցներից՝ Իրանը կարող է նավթ արտահանել ու վերականգնել իր մասնակցությունը նավթի վաճառքի միջազգային շուկաներում: Իրանի էներգետիկայի փոխնախարար Ռոկնեդին Ջավադին, ով նաև Իրանի նավթային ազգային ընկերության նախագահն է, այսօր առավոտյան արդեն կարգադրել է նավթի արդյունահանումը օրական 500 հազար բարելով ավելացնել: Նախկինում Իրանը օրական ավելի քան 2 միլիոն բարել նավթ էր արտահանում, որի ծավալները 2012-ին կրկնակի կրճատվել էին:

Անցյալ տարի աշխարհի վեց գերտերությունների ու Իրանի միջև բանակցությունները դրական արդյունքի հանգեցրեցին։ Իրանի միջուկային ծրագրերը կրճատելու և վերահսկելու դիմաց Արևմուտքը համաձայնեց վերացնել պատժամիջոցները: Արևմուտքը մտահոգված էր, որ Թեհրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել, ու եթե Իրանը կրճատեր միջուկային ծրագրերը, փարատեր կասկածները, ապա պատժամիջոցները կհանվեն:

Եվ ահա հունվարի 16-ին Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատեց, որ Իրանը իրականացնում է ստանձնած պարտավորությունները, իսկ ԱՄՆ-ը ու Եվրամիությունը հայտարարեցին, որ չեղյալ են համարում Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, պաշտպանելով Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու իր դիրքորոշումը, կիրակի օրը հայտարարեց, թե ապացուցվեց, որ խելացի, համբերատար և կարգապահ դիվանագիտությունը կարող է հարաբերությունները կարգավորել նույնիսկ հին թշնամու հետ:

Հարավային Կովկասի երկրները ևս ողջունում են Իրանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների վերացումը: Հայաստանից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը նույնպես այսօր հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը հավելյալ լիցքեր կհաղորդի Ադրբեջանի և Իրանի բարեկամ ու հարևան ժողովուրդների միջև փոխշահավետ երկկողմ հարաբերությունների ապագա զարգացմանը:

Իրանի միջուկային ծրագրերի պատճառով պատժամիջոցները հանվեցին, բայց Արևմուտքի ուշադրությունը չի թուլանում: Այսօր Միացյալ Նահանգները սահմանել է նոր պատժամիջոցներ Իրանի 11 ընկերությունների ու անհատների նկատմամբ, որոնք առնչություն ունեն միջմայրցամաքային հրթիռների ծրագրի իրականացմանը: Իրանի արտգործնախարարությունը նոր պատժամիջոցները ոչ լեգիտիմ է գնահատել: Արտգործնախարարության խոսնակն այսօր ասել է, թե բալիստիկ հրթիռների ծրագրի մշակումը երբեք նպատակաուղղված չի եղել միջուկային զենքի ստեղծմանը։

Հոկտեմբերին Իրանը բալիստիկ հրթիռների փորձարկում էր անցկացրել։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան դա գնահատել էին որպես ՄԱԿ-ի համապատասխան բանաձևի լուրջ խախտում և դիմել էին պատժամիջոցների հանձնաժողովին՝ ուսումնասիրելու այդ խնդիրը։

XS
SM
MD
LG