Մատչելիության հղումներ

Ռուսները կարող է սեկվեստրի ենթարկեն այս տարվա բյուջեն


Մոսկվա, 11-ը հունվարի, 2016թ.
Մոսկվա, 11-ը հունվարի, 2016թ.

Ռուսաստանյան խոշոր 20 բանկերի ցանկում գտնվող "Промсвязьбанк"-ը հայտնել է, որ 1 ԱՄՆ դոլարի գինն այսօր կազմել է 77.5 ռուբլի, իսկ առաջիկայում կարող է հասնել 80-ի։ Այդպիսով, ազգային տարադրամի արժեզրկումը, հավանաբար, կշարունակվի։

Ֆինանսական-տնտեսական ասպարեզում ռուսական առաջատար լրատվական գործակալություններից РБК-ն վկայակոչել է "Промсвязьбанк"-ի վերլուծաբան Ալեքսեյ Եգորովին, ով ասել է, թե ընդհանուր իրավիճակի վրա ազդեցություն է գործում պետական բյուջեի սեկվեստրի հնարավորությունը, որի մասին այս օրերին խոսում են ամենաբարձր ատյաններում։

Սեկվեստրը ֆինանսական գործիք է, որին հազվադեպ են դիմում, այն կիրառելով բացառապես բարդ հանգամանքներում։ Այն, փաստորեն, բյուջեի ծախսային մասի կրճատումն է` պետությունը բյուջեով ծրագրում է կոնկրետ գումար այս կամ այն ծրագրի համար, հետո պարզվում է, որ փող չկա, ելքը` ծրագիրը սառեցնելն է։ Հաճախ հարվածի տակ են հայտնվում սոցիալական հոդվածները։ 2016 թվականի սեկվեստրի գումարը կարող է կազմել 700 միլիարդ ռուբլի, ինչն այսօրվա կուրսով հավասար է մոտ 9 միլիարդ 300 միլիոն ԱՄՆ դոլարի։ Սեկվեստրի ծավալը կկազմի բյուջեի 10 տոկոսը։

Reuters լրատվական գործակալությունը նշում է, որ 2015-ի տարեսկզբին Ռուսաստանի կառավարությունն արդեն իրականացրել է 10 տոկոսի սեկվեստր։ Դաշնության բյուջեի մուտքերի զգալի մասն ապահովում է էներգակիրների վաճառքը, մինչդեռ, Brent տեսակի նավթի մեկ բարելի գինն այսօր իջել է մինչև 32 դոլար։

Պետբյուջեն կրճատելու հարցը քննարկվել է անցած տարվա դեկտեմբերին` վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նախագահությամբ տեղի ունեցած հատուկ նիստում։ «Կա Դմիտրի Անատոլևիչի մոտ գումարված խորհրդակցության արձանագրությունը, որի համաձայն, գերատեսչությունները մինչև 2016 թվականի հունվարի 15-ը պետք է ներկայացնեն բյուջետային պարտավորությունները 10 տոկոսով կրճատելու առաջարկներ»,- Reuters-ին ասել են երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր մասնակցել են խորհրդակցությանը։

Խնդրելով չհրապարակել իրենց անունները` պաշտոնյաները հավելել են.- «Եթե որևէ գերատեսչություն կրճատման առաջարկ չներկայացնի, ֆինանսների նախարարությունը պարզապես այդ գերատեսչության հաշվեհամարից բյուջե կվերադարձնի հատկացումների 10 տոկոսը»։ Երկու պաշտոնյաները հավաստիացնում են, որ բյուջետային աշխատողների և զինծառայողների աշխատավարձերը սեկվեստրի չեն ենթարկվի։

"Коммерсантъ" պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Բուտրինի փոխանցմամբ, սեկվեստրի պաշտոնական որոշում դեռ չկա, սակայն ենթադրվում է, որ առաջիկա օրերին այն կընդունվի։ Ընդ որում, սեկվեստրն առաջին եռամսյակի ծախսերի վրա չի տարածվի։

Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության և քաղաքականության ամբիոնի դասախոս Նիկոլայ Կորժենևսկու համոզմամբ, նավթի ներկայիս գնի պայմաններում սեկվեստրն անխուսափելի է։ Իսկ "Открытие Брокер" ընկերության փորձագետ Սերգեյ Խեստանովի կարծիքով, տարվա ընթացքում գուցե ընդունվի նաև երկրորդ սեկվեստրի որոշումը, որովհետև տարին շատ ծանր է ռուբլու համար։ «Ռուբլու արժեզրկումը ընդունելի սահմաններում պահելու համար անհրաժետ է 20 տոկոսի սեկվեստր, 10 տոկոսը սոսկ առաջին քայլն է»,- ասել է Խեստանովը։

Ըստ "Коммерсантъ"-ի, 2016-ի բյուջեն Ռուսաստանում կազմել են, ենթադրելով, որ Urals տեսակի նավթի մեկ բարելի գինը կլինի 50 դոլար, 1 դոլարի գինը` 63 ռուբլի, իսկ տնտեսության տարեկան աճը՝ 0.7 տոկոս, սակայն այսօրվա դրությամբ Urals-ի բարելի գինը 30 դոլարի չի հասնում, 1 դոլարն էլ 76 ռուբլի է։ Դեռ գործող բյուջեով եկամուտը պետք է կազմի 13 տրիլիոն 738 միլիարդ ռուբլի, իսկ ծախսերը` 16 տրիլիոն 99 միլիարդ, պակասուրդը` 2 տրիլիոն 360 միլիարդ, ինչը համախառն ներքին արդյունքի 3 տոկոսն է։

Է՛լ ավելի հոռետեսական կարծիք է հայտնել Rusenergy ընկերության հետ համագործակցող փորձագետ Միխայիլ Կրուտիխինը։ Նրա համոզմամբ, այսօրվա դրությամբ "Роснефть" ընկերությունը նավթը վաճառում է ինքնարժեքից ցածր գնով` մեկ բարելի արդյունահանումը պահանջում է 35-37 դոլար, 29 դոլարով վաճառելու դեպքում ընկերությունը կորցնում է ներդրածի 20 տոկոսը։ «Նավթի մեկ բարելի 30 դոլար գնի դեպքում Ռուսաստանի պետական գանձարանն աստիճանաբար կդատարկվի»,- ասել է Trusted Sources խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Քրիսթոֆեր Գրենվիլը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG