Մատչելիության հղումներ

Հյուսիս-հարավ ավտոմայրուղին ավարտելու համար 900 միլիոնը չի բավարարի


Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը դադարեցված է գիտակցաբար, այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ բացատրելով, որ առաջին հերթին նախապատվությունը տվել են որակով աշխատանքների կատարմանը, և որ Հայաստանում այդ մեծածավալ ներդրումից հետո լինեն նաև կուտակված պոտենցիալ, կարողություններ՝ ապագայում սեփական ուժերով նմանատիպ ծրագրեր իրականացնելու և ժամանակից ավտոճանապարհները պատշաճ կերպով սպասարկելու համար:

Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը մի քանի ամիս է, ինչ դադարեցված է և 556 կիլոմետրից կառուցվել է միայն 15-20 կիլոմետրը, այն դեպքում, երբ ավտոճանապարհը պետք է 2019 թվականին ամբողջությամբ ավարտված լինի:

«Խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետությունում չկային այն կարողությունները, որոնք պետք է հնարավորություն տային մեզ՝ 1) նախագծել նման ճանապարհներ՝ մենք չունեինք գիտելիքներ, չունեինք մասնագետներ և չունեինք նորմատիվ ակտեր, 2) մենք չունեինք փորձ, գիտելիքներ և կարողություններ՝ ինչպես է կառավարվում նմանատիպ մեծածավալ ներդրումների պարագայում ճանապարհային շինարարությունը: Դա նաև բացասաբար է անդրադարձել 2013 թվականի տնտեսական աճի ցուցանիշի վրա, որովհետև մենք չենք կատարել բավական մեծ ծավալի կապիտալ ներդրումներ, քանի որ նախապատվությունը տվել ենք որակին», - մանրամասնեց վարչապետը:

Ավտոճանապարհի շինարարական աշխատանքի դադարեցման վերաբերյալ հարցը վարչապետին ուղղել էր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, փորձելով հասկանալ, թե որքանո՞վ է իրատեսական, որ մինչև 2019 թվականը ճանապարհն ամբողջությամբ կավարտվի, երբ, ըստ պատգամավորի, թվաբանական հաշվարկները ցույց են տալիս, որ նույն տեմպերով աշխատանքները շարունակելու դեպքում այն ի վերջո ամբողջությամբ կառուցված կլինի լավագույն դեպքում 2150 թվականին:

Վարչապետ Սարգսյանն ասաց, որ ԲՀԿ պատգամավորի նման հարցադրումից տպավորություն է ստեղծվում, որ 5 տարվա ընթացքում ընդամենը մեկ անձով են պայմանվորված եղել երկրի բոլոր պրոբլեմները և ոչ մի օբյեկտիվ խոչընդոտ չկա: Վերջում վարչապետն ասաց, որ լրացուցիչ կապիտալ ներդրումներ են սպասվում այս բնագավառում, քանի որ 900 միլիոնն էլ բավարար չի լինելու ավտոճանապարհի աշխատանքներն ավարտելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG