Արդարադատության համակարգը Հայաստանում լրջորեն կաղում է, և մերկապարանոց են հայտարարությունները, թե նոր Սահմանադրությունը դրական փոփոխություն կբերի այս դաշտ: «Ազատության» հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
«Ազատության» խնդրանքով գնահատելով 2015 թվականը մարդու իրավունքների տեսանկյունից՝ Հարությունյանը ասաց․ - «Մեր 2015 թվականը 14-ից, 13-ից, 12-ից և նախորդող տարիներից, ցավոք սրտի, չի տարբերվել: Առաջընթաց դրական որևէ տարի, տարվա ընթացքում մենք չենք արձանագրել»:
«Այս տարին նույնպես մենք փակեցինք՝ բանտերում ունենալով քաղբանտարկյալներ՝ բանտում շարունակում են մնալ Շանթ Հարությունյանը և իր ընկերները, բանտում է գտնվում՝ բացարձակապես սարքված, ակնհայտ սարքված գործով, Վոլոդյա Ավետիսյանը, [Հայկ] Կյուրեղյանը, որի դատավարությունը, որի նկատմամբ կայացված դատավճիռը կարելի է համարել հայաստանյան արդարադատության ցցուն օրինակ, երբ թեթև, կարելի է ասել, զանցանքի համար մարդուն դատապարտում են հսկայական պատժաչափերի՝ էն ֆոնի վրա, որ շատ ավելի լուրջ և շատ ավելի ծանր հանցագործություններով իշխանության ճամբարում գտնվող մարդիկ կամ նրանց հարազատները ընդհանրապես չեն պատժվում», - հայտարարեց իրավապաշտպանը:
Հիշեցմանը՝ իշխանությունները պնդում են, թե սահմանադրական փոփոխություններից հետո արդարադատության ոլորտում առողջացում պետք է լինի, և բացի այդ՝ նոր Սահմանադրությամբ զգալիորեն ընդլայնվել է մարդու իրավունքների վերաբերյալ գլուխը, իրավապաշտպանը արձագանքեց՝ մեջբերելով դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեից առաջ Հայաստանի նախագահին մի քաղաքացու ասածը՝ «ոչ թե Սահմանադրությունը փոխեք, այլ՝ ձեզ»․ - «Շատ հստակ էր էդ նախադասությունը և ասում էր էն, ինչ որ կասեմ ես կամ աշխարհի ամենախելոք մարդը, դրանից ավելի լավ ձևակերպում հնարավոր չի»:
Ապա Հարությունյանը շարունակեց․ - « Որովհետև կարող եք բերել Հայաստանի Հանրապետություն աշխարհի ամենալավ սահմանադրությունը, կարող եք հավաքել, ես չգիտեմ, աշխարհի ամենախելոք մարդկանց, առաջարկել, որպեսզի նրանք գրեն ամենաառաջադեմ և ամենաազատական սահմանադրությունը, բերեք դնենք քվեարկությամբ անցկացնենք այդ սահմանադրությունը, և եթե Հայաստանի գործադիր իշխանությունը չի ունենալու կամք դա կիրառելու, այլ ընդհակառակը՝ հանուն իր գոյատևման, հանուն իր սեփական շահի, հանուն իր վերարտադրման, հանուն իր կլանի բարգավաճման կոտնահարի էդ սահմանադրությունը, կմոռանա էդ սահմանադրության մասին՝ ընդհանրապես կմոռանա որպես փաստաթուղթ, դա գոյություն չի ունենա նրանց մտածողության մեջ, նրանց առօրյայում գոյություն չի ունենա, էդ ժամանակ էդ սահմանադրությունը զրո արժեք կունենա»: