Մատչելիության հղումներ

Լուսինե Սահակյան․ Պերմյակովը մեղսունակ է, բայց ունի լուրջ հոգեկան խնդիրներ


Փաստաբանը ընդգծում է՝ Գյումրիում Ավետիսյանների սպանդի համար մեղադրվող ռուս զինվորը դեռ 2013-ին «սատանայի հետ պայմանագիր» էր «կնքել»:

Անցած շաբաթ Գյումրիում սկսվեց Ավետիսյանների սպանության գործով դատավարությունը: Հենց այդ օրն էլ՝ դեկտեմբերի 18-ին, հայտարարվեց, որ սպանության համար մեղադրվող՝ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը սատանիստ է:

Փաստաբան Լուսինե Սահակյանը, ով տվյալ գործում պաշտպանում է տուժողի իրավահաջորդի շահերը և մասնակցել է Պերմյակովի փորձաքննությանը, «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման դեկտեմբերի 20-ի թողարկման ժամանակ ասաց․ - «Ակնհայտ է, որ նա [Պերմյակովը] ունի առողջական լուրջ խնդիրներ: Նա մեղսունակ անձ է, այսինքն՝ նա կարող է պատիժ կրել և պետք է կրի պատիժ, բայց դրա հետ մեկտեղ՝ ունի լուրջ հոգեկան խնդիրներ»:

«Երբ նա զորակոչվել է, նա 8 անգամ հոգեբուժական բաժանմունքներում է տարբեր եղել՝ դա հաստատված փաստ է, նա 8 անգամ փախուստի է դիմել՝ մինչ Հայաստան տեղափոխվելը, գտնվել է հոգեբույժների հսկողության տակ, նրան արգելվել է զենք կրել», - մանրամասնեց փաստաբանը՝ շարունակելով․ - «Օդնոկլասնիկի» կայքում նա հատուկ էջ է բացել՝ 2013 թվականին է բացվել էջը, և այդ էջի զննման արդյունքում է պարզվել, որ կա էնտեղ «պայմանագիր» գրված՝ վերնագրվում է էդպես՝ «Պայմանագիր սատանայի հետ», որտեղ ինքը խոստանում է, որ շուտով մի քանի կին և մի քանի տղամարդ կզոհաբերի: Չի հերքում էդ հանգամանքը, ասում է՝ «ես եմ էդ գրառումը կատարել», ասում է, որ «դա էնպես էր, ուղղակի»: Սակայն մեր մոտ, իհարկե, լուրջ հարցեր առաջանում էին նախաքննության ընթացքում»:

«Իմ համար առնվազն նրա սատանիստ լինելու հանգամանքը արդեն իսկ խոսում է նրա մասին, որ նա ի վիճակի էր կատարելու և հենց էդ պայմաններից ելնելով կարող էր կատարել, առավել ևս՝ եթե ուսումնասիրենք նրանց գաղափարախոսությունը, մենք տեսնում ենք, որ նրանք իրականում զոհաբերում են մանկահասակ երեխաներ շատ փոքր, ու նաև սվին դանակով [վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի] սպանությունը․․․», - նշեց Լուսինե Սահակյանը:

Հարցին՝ «այսինքն, կարծում եք, որ շարժառիթը հենց դա՞ է», փաստաբանը արձագանքեց․ - «Շարժառիթը, կարծում եմ, լրիվ այլ է եղել, բայց քանի որ նա ինքը այդպիսին իր բնույթով եղել է և արդեն հանցագործությունը ընթացքի մեջ է եղել, սա պայման է հանդիսացել, որ ինքը կարողացել է դա անել: Որովհետև երբ անձը մտնում է, հասկանալի է՝ նա ի սկզբանե դիտավորություն չի ունենում, որ մտնի ու 7 հոգու սպանի, բայց արդեն հետո, երբ ինքը մտել է, եթե նա հոգեկան նորմալ վիճակում լիներ, եթե իր այդ գաղափարախոսության կրողը ինքը չլիներ, տեսնելով, որ էնտեղ մարդիկ կան, արթանացան՝ որևէ խոչընդոտ չկար, որ ուղղակի թողներ և հեռանար: Եվ հոգեբույժներն ու հոգեբանները շատ երկար հենց էս հարցադրման վրա էին կանգնում և նրան բազմաթիվ հարցեր էին տալիս, թե՝ «լավ, ինչո՞ւ չհեռացար, վերջին հաշվով՝ զենքը քո ձեռքում էր, ինչո՞ւ վախեցար»․․․ Այսինքն՝ նրանք վերջնական հաշվով եկել են հետևության, որ, այո, հենց էդ հոգեկան իր վիճակով է պայմանավորված եղել, որ ինքը մեկը արել է, հետո արդեն շարունակական բնույթ է դա կրել»:

Լուսինե Սահակյանը պատմեց նաև, որ երբ փորձաքննության ժամանակ հոգեբանը հարցրել է Պերմյակովին՝ «քո հոգին ցավո՞ւմ է արածիդ համար», նա պատասխանել է՝ «ոչ, չի ցավում», բայց դրա հետ մեկտեղ՝ «մի քանի հարցադրում հետո, ասենք, ինքը ասում է, որ «ես զարմանում եմ՝ ո՞նց ես արեցի, ախր ես երեխաներին շատ եմ սիրում, երեխաները ծաղիկներ են»:

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի դեկտեմբերի 20-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG