Մատչելիության հղումներ

Սկանդալային միջադեպի տեսագրությունը հրապարակեց նաև Սաակաշվիլին՝ իր մեկնաբանություններով


Արսեն Ավակով, Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ
Արսեն Ավակով, Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Վրաստանի նախկին նախագահը չի հրաժարվում Ուկրաինայի վարչապետին և ՆԳ նախարարին տված «գողեր» որակումից:

Երեկ, երբ Ուկրաինայի ներքին գործերի հայազգի նախարար Արսեն Ավակովը արդեն հրապարակել էր Բարեփոխումների նիստի ժամանակ իր և Օդեսայի վրացի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի մասնակցությամբ սկանդալային միջադեպի տեսագրությունը, ավելի քան մեկ ժամ անց ֆեյսբուքյան իր էջում այն հրապարակեց նաև Վրաստանի նախկին նախագահը: «Ափսոսում եմ, որ ստիպված էի վարչապետին գող անվանել, բայց ավելի ցավում եմ, որ դա ճիշտ է», - սոցիալական ցանցում գրեց Սաակաշվիլին:

Սաակաշվիլին Ֆեյսբուքում գրում է, որ տեսագրությունն իրեն տրամադրել են նախագահի աշխատակազմում՝ իր համառ պնդումներից հետո: Նա նաև ուշադրություն է հրավիրում, որ տեսանյութում հստակ լսելի է, թե ինչպես է վարչապետն իրեն անվանում «գաստրոլյոր», իսկ «նրա նախարարը»՝ պահանջում հեռանալ «իր երկրից»: «Ես օգտագործել եմ «գողեր» բառը վարչապետի և ներքին գործերի նախարարի առնչությամբ և այդ բառերից չեմ հրաժարվում: Ես սիրում եմ Ուկրաինան, և մենք մեր երկիրը կազատագրենք գողերից և խարդախներից», - ֆեյսբուքյան գրառմամբ խոստացել է Վրաստանի նախկին նախագահը:

Սաակաշվիլին նաև տեղեկացնում է, որ վարչապետին համոզել է լսումներ կազմակերպել կոռուպցիայի հարցով, սակայն Արսենի Յացենյուկը «շարունակաբար մերժել է»:

«Նրան համոզելու հարցում ձախողվելուց հետո ես ներկայացրեցի իմ զեկույցը Օդեսայի հակակոռուպցիոն նախաձեռնության հանդիպմանը, որտեղ խոսել եմ նաև պարոն Յացենյուկի մտերիմներին վերաբերող կոռուպցիայի և շատ ցավալի տանիքի մասին, որն ապահովում է նրանց գործունեությունը: Ես խոսել եմ այդ փաստերի և անձանց մասին նաև Բարեփոխումների ազգային խորհրդում, որի անդամ եմ», - գրում է Սաակաշվիլին, ապա բացատրում, թե ինչու հունից դուրս եկավ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի, կառավարության անդամների ներկայությամբ նախքան այն պահը, երբ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ջուր շփեց իր ուղղությամբ․ - «Ես բռնկվեցի իմ զեկույցից հետո, քանի որ ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն ինձ մեղադրեց կոռուպցիայի մեջ ու կոչ արեց հեռանալ այս երկրից, և վարչապետը սատարեց նրան՝ ինձ անվանելով «գաստրոլյոր», որը սովորաբար Ռուսաստանում օգտագործվում է անցանկալի օտարերկրացիների դեպքում»:

Օդեսայի նահանգապետը ֆեյսբուքյան էջի միջոցով կոչ է արել դատապարտել կառավարության անդամների՝ այլատյացություն պարունակող ակնարկները:

Ավելի վաղ ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, դիմելով Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին, հիշեցրել է, որ լինելով հայ՝ 3 տարեկանից է ապրում Ուկրաինայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG