Մատչելիության հղումներ

Սկանդալային միջադեպ՝ Սաակաշվիլու և Ավակովի մասնակցությամբ


Միխեիլ Սաակաշվիլի և Արսեն Ավակով, արխիվ
Միխեիլ Սաակաշվիլի և Արսեն Ավակով, արխիվ

Պաշտոնյաները նախագահ Պորոշենկոյի ներկայությամբ, ապա և հեռակա կարգով, միմյանց մեղադրել են կոռուպցիայի մեջ:

Կիևում նախագահ Պետրո Պորոշենկոյի հրավիրած՝ բարեփոխումներին նվիրված խորհրդակցությունն ուղեկցվել է փոխադարձ մեղադրանքներով և սկանդալային միջադեպով:

Վեճի առարկան Օդեսայի մերձնավահանգստային գործարանի սեփականաշնորհման և հետագա ճակատագրի հարցն է եղել, որի մասին Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ամիսներ շարունակ խոսում և հավաստիացնում էր, թե գործարանի եկամուտներից ապօրինի ուղիներով օգտվում են Ուկրաինայի բարձրագույն իշխանության ներկայացուցիչներ:

Երեկ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Սաակաշվիլիին հարց է ուղղել՝ ինչո՞ւ է վերջինս գործարանի հետ կապված բանակցություններ վարել ռուսաստանցի մի օլիգարխի հետ և, առհասարակ, ի՞նչ առնչություն ունի Սաակաշվիլին այդ գործարանի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ինքը՝ Ավակովը, հավելելով, թե իր հարցն ակնհայտորեն դուր չի եկել Սաակաշվիլիին և նրան հունից հանել է:

«Սաակաշվիլին կորցրել է ինքնատիրապետումը, բարկացել է և սկսել բղավել, հազիվ եմ ինձ զսպել, որ չծեծեմ նրան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավակովը, շարունակելով՝ «փոխարենը բաժակով ջուր եմ շփել նրա երեսին»:

Միջադեպից հետո, երեկ ուշ երեկոյան, Սաակաշվիլիին ասուլիս է հրավիրել, որի ընթացքում պատմել է, որ թե՛ ներքգործնախարար Արսեն Ավակովը, թե՛ վարչապետ Արսենի Յացենյուկն իրեն սպառնացել են, վիրավորել են ու պահանջել «մաքրվել Ուկրաինայից»:

«Արսեն Ավակովը, լինելով ներքին գործերի նախարար, իրեն թույլ է տվել ոչ պատշաճ արտահայտություններ իմ հասցեին, նա նաև բոլորի ներկայությամբ իրեն թույլ է տվել անձնական սպառնալիքներ ուղղել ինձ: Նա ինձ մեղադրել է կոռուպցիայի, ծառայողական պարտականությունների չարաշահման մեջ, խոսել է ինչ-որ միլիարդների մասին, որոնք իբր ես գողացել եմ, որից հետո պահանջել է, որ ես հեռանամ իր հարազատ Ուկրաինայից»,- հայտարարել է Սաակաշվիլին՝ շարունակելով՝ «Ավակովն անցել է ոչ պատշաճ արտահայտությունների, ինչի համար արժանացել է նախագահի նկատողությանը: Դրանից հետո փորձել է ծեծկռտուքի բռնվել»:

Օդեսայի նահանգապետը նաև ասել է, թե Արսեն Ավակովը կոռումպացված նախարար է, ով կոռուպցիոն եկամուտներից ֆինանսավորվող ոչ պաշտոնական զինված խմբավորումներ է վերահսկում:

Միջադեպն այսքանով չի ավարտվել, վիճաբանությանը միջամտել է վարչապետ Յացենյուկը, ում Սաակաշվիլին համարում է Ուկրաինայի ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկը: «Յացենյուկն ինձ գաստրոլյոր անվանեց և կոչ արեց մաքրվել Ուկրաինայից: Որպես Ուկրաինայի քաղաքացիների առաջ պարտականություններ ունեցող մարդ, ես այստեղից չեմ պատրաստվում որևէ տեղ մեկնել: Ուկրաինացիներին կողոպտելու հնարավորություն ես չեմ տա», - մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Սաակաշվիլին: Նա նաև նախագահի վարչակազմից պահանջել է հրապարակել նախագահ Պետրո Պորոշենկոյի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը:

Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարություններին առայժմ նախագահի վարչակազմից և կառավարությունից չեն արձագանքել: Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն ավելի վաղ էր գրել, թե չի պատրաստվում հանդուրժել «ռազմատենչ սրիկայի» արարքները, ով աղմկոտ առիթ է փնտրում հրաժարականի համար, քանի որ ձախողել է իր աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG