Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և Ռուսաստանը՝ ընդդեմ «Իսլամական պետության»


Ռուսաստանի ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը Մոսկվայում, 15-ը դեկտեմբերի, 2015թ․
Ռուսաստանի ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը Մոսկվայում, 15-ը դեկտեմբերի, 2015թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին այսօր Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ավելի քան 150 տեղական և արևմտյան լրագրողների ներկայությամբ ընդգծեց, որ անգամ երկու երկրների միջև տարբերությունների պարագայում հնարավոր է արդյունավետ աշխատել յուրահատուկ հարցերում:

«Իսլամական պետության» հարցով Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայն են, որ այն սպառնալիք է բոլոր պետությունների համար», - հայտարարեց Ջոն Քերրին Ռուսաստանի արտգործնախարարության Ընդունելությունների տանը:

ԱՄՆ-ի պետքարտուղարը «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարի հարցում Ռուսաստանի գործունեության կարևորությունն ընդգծելով՝ վկայակոչեց նախադեպը՝ Իրանի միջուկային խնդրի կարգավորման հարցում ռուսական կողմի ընդգրկվածության արդյունավետությունը: «Ռուսաստանը նշանակալի ներդրում է արել Իրանի միջուկային ծրագրի հարցում», - ասաց նա:

Սերգեյ Լավրովը հայտարարեց՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությունը ներկայացնում է համընդհանուր վտանգ: «Ահաբեկչության խնդիրներն ավելի լայն են, քան ուղղակի սիրիական խնդիրը», - ընդգծեց նա՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ «Իսլամական պետություն»-ը ակտիվ գործողություններ է կատարում Լիբիայում, Իրաքում, Եմենում, Աֆղանստանում:

Վերոհիշյալը, ըստ Ռուսաստանի արտգործնախարարի, հիմք է, որպեսզի գերտերությունները խորությամբ քննարկեն «Իսլամական պետության» հարցը:

Լավրովը նաև ընդգծեց ուկրաինական ճգնաժամի կարգավորման նպատակով Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը:

Ջոն Քերրին այս տարվա ընթացքում երկրորդ անգամ է այցելում Ռուսաստան՝ մայիսին նա ժամանել էր Սոչի:

Ավելի ուշ նախատեսված է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Վերլուծաբանները Ռուսաստանի ղեկավարության հետ Քերրիի հանդիպումներին հատուկ կարևորություն են տալիս՝ նկատի ունենալով Նյու Յորքում դեկտեմբերի 18-ին ծրագրված Սիրիայի հարցով քննարկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG