Մատչելիության հղումներ

Սոչիում հանդիպում են Վլադիմիր Պուտինը, Սերգեյ Լավրովը և Ջոն Քերրին


Այսօր Սոչիում հանդիպում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Սոչի, 12 մայիսի, 2015թ.
Այսօր Սոչիում հանդիպում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Սոչի, 12 մայիսի, 2015թ.

Սոչիում այսօր կայացել են Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի բանակցությունները, որոնց ավարտին երկու գերտերությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարները մեկնել են նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։

Քերրին կեսօրին է ժամանել Սոչի։ Օրակարգում են եղել Ուկրաինայի, Եմենի, Իրանի և Սիրիայի հարցերը։

ՌԻԱ Նովոստի ռուսաստանյան լրատվական գործակալության փոխանցմամբ, Լավրովն ասել է, թե իր հանդիպումը Քերրիի հետ հրաշալի է անցել։ Բանակցությունը տևել է մոտ 4 ժամ։

Նախ պետքարտուղարը և արտգործնախարարը Սոչիում այցելել է «Զավոկզալնի» հուշահամալիր և հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված Սոչիի բնակիչների հիշատակին, ապա ուղևորվել են «Ռոդինա» հյուրանոց, որտեղև բանակցել են։

Կրեմլը նախապես հայտնել էր, որ պետքարտուղարի և արտգործնախարարի հանդիպման ընթացքում ամերիկյան պատժամիջոցների հարցը չի քննարկվելու։

Պուտինի խոսնակ Դմիտրի Մեդվեդևը երեկ ասել էր, որ նախագահը մայիսի 11-ին մեկօրյա արձակուրդ է մեկնել Սոչի, որտեղ այսօր արդեն նախատեսված է Քերրիի հետ հանդիպումը։ Պուտինը մոտ մեկ շաբաթ կմնա Սոչիում։

Քերրիի հետ հանդիպելուց առաջ Լավրովը հույս է հայտնել, որ հանդիպումն արդյունավետ կլինի։ Պետքարտուղարն էլ, ըստ ռուսական լրատվամիջոցների, լավ տրամադրությամբ է ժամանել բանակցության։

«Այս տեղը շատ է դուրս գալիս` ծով, արև, ծառեր», - ասել է պետքարտուղարը։

Ռուսական կողմը դրական է գնահատում Քերրիի այցը, քանի որ այն մի քանի անգամ հետաձգվել էր։ «Ռուսաստանը երբեք հարաբերությունների սառեցման կողմնակից չի եղել: Հիմա Քերրին ժամանել է, որոշել է բանակցել իր պաշտոնակցի հետ, և դա ինքնին լավ է»,- ասել է Պեսկովը։

Նախօրեին Վաշինգթոնում այդ հանդիպմանն է անդրադարձել Պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆը» - «Մենք միշտ ասել ենք, որ այն բնագավառներում, որտեղ կան համագործակցության եզրեր, մենք համագործակցելու ենք՝ Իրան, Սիրիա, կամ այլ հարց, որի վերաբերյալ միասնական մոտեցում է: Բայց քննարկելու ենք նաև հարցեր, որոնց շուրջ ունենք լուրջ տարաձայնություներ, օրինակ, Ուկրաինան»:

Նրա փոխանցմամբ, այս ուղևորությունը Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ շփման խողովակները պահպանելու և Միացյալ Նահանգների տեսակետները հստակ փոխանցելու՝ Պետական դեպարտամենտի աշխատանքի մի մասն է։

«Այն, որ մենք որևէ հարցում միմյանց հետ համաձայն չենք, չի նշանակում, որ չպետք է հանդիպենք և խոսենք դրա մասին: Ակնհայտ է, որ Ուկրաինան քննարկման կենտրոնական թեմաներից մեկն է լինելու», - ասել է Հարֆը։

Սոչիից Քերրին կմեկնի Անթալյա, որտեղ նախատեսված է ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ժողովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG