Ադրբեջանական պետական SOCAR ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ նավթային պլատֆորմի հրդեհի հետևանքով Կասպից ծովում անհետ կորած նավթագործներից վեցի մարմինները հայտնաբերվել են։
Այս պահի դրությամբ անհետ կորած է համարվում 23 մարդ։ Կասպից ծովում շարունակվում են փրկարարական-որոնողական գործողությունները։ Աղետը տեղի է ունեցել ուրբաթ օրը: Կասպից ծովում Գյունեշլի հանքավայում SOCAR ընկերությանը պատկանող նավթային պլատֆորմում ուժեղ հրդեհ էր բռնկվել: Պլատֆորմը գտնում է ափից 120 կիլոմետր հեռավորության վրա:
SOCAR-ի փոխնախագահն ասել էր, որ այդ պահին պլատֆորմի վրա 63 մարդ է եղել: Ուժեղ ալեկոծության հետևանքով փրկարար նավակը, բախվելով պլատֆորմին, շրջվել էր, և վերջին չորս օրերի ընթացքում որոնում են 29 անհետ կորածներին, որոնցից 6-ի մարմիններն այսօր գտել են։ Հայտնաբերվել են վթարված նավակի մասեր, փրկարար ժիլետներ։ Ադրբեջանը դիմել էր կասպյան հարևան երկրներին՝ օգնություն խնդրելով կորած նավթագործներին որոնելու համար: Փրկարարական գործողություններին մասնակցում են մեկ տասնյակից ավելի նավեր ու ուղղաթիռներ:
Դեկտեմբերի 4-ին Կասպից ծովում ուժեղ քամի էր, ալեկոծություն , ըստ լուրերի՝ ալիքների բարձրությունը հասել էր 10 մետրի: Վթարի պատճառի նախնական վարկածով՝ ուժեղ ալեկոծությունից ստորջրյա գազատարը վթարվել է, որի հետևանքով պլատֆորմի վրա հրդեհ է բռնկվել: 33 մարդու կյանք հաջողվել է փրկել:
Փրկվածներից 8-ը գտնվում են հիվանդանոցում: Նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեն դեկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ 32 մարդ է զոհվել, 42-ին հաջողվել է փրկել: Contact.az կայքը նաև հաղորդում է մեկ այլ միջադեպի մասին: Մեկ ուրիշ պլատֆորմից երկու մարդ ծովն է ընկել, մեկը զոհվել է, մարմինը հայտնաբերվել է, մյուսը անհետ կորած է համարվում: Դեկտեմբերի 6-ը Ադրբեջանում սգո օր էր հայտարարվել:
Վերջին 60 տարվա ընթացքում սա Կասպյան ծովում նավթային ոլորտում արձանագրված ամենաուժեղ և ամենաշատ մարդկային կորուստներ պատճառած վթարն էր։