Սահմանադրական փոփոխություններն, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների, ընդունվել են: 1997 տեղամասերում Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը կողմ է քվեարկել ընտրողների 63.35, դեմ՝ 32.35 տոկոսը:
Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հրապարակած նախնական արդյունքներով «այո» է քվեարկել 825 հազար 851 ընտրող, «ոչ»՝ 421 հազար 600 ընտրող: Քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների ընդհանուր թիվն է՝ 1 միլիոն 300 հազար 635, անվավեր է ճանաչվել 53 հազար 323 քվեաթերթիկ, անճշտությունների թիվը 824 է։
ԿԸՀ նախագահը չշտապեց ասել՝ գո՞հ է քվեարկության կազմակերպումից, թե՞ դժգոհ․ - «Կա ժամկետ, համապատասխան թե՛ փաստական հանգամանքները, թե՛ եթե կլինեն դիմում-բողոքներ՝ այդ դիմում-բողոքները քննարկելու համար, և, բնականաբար, այդ ամեն ինչի քննարկման արդյունքում կլինեն համապատասխան որոշումներ, որոնցով ԿԸՀ-ն կամրագրի իր իրավական դիրքորոշումը»:
ԿԸՀ-ի տվյալներով դեկտեմբերի 6-ի քվեարկության ընթացքում ամենաակտիվը եղել են Արարատի մարզի ընտրողները, ամենապասիվը՝ շիրակցիներն ու Երևանցիները: Այնուհանդերձ, «այո»-ն հաղթել է հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքում: Օրինակ՝ Վայոց ձորում փոփոխությունների կողմնակիցները կազմել են 78.5 տոկոս, Արարատում մոտ 78, Գեղարքունիքում՝ մոտ 76.5 տոկոս: «Ոչ»-ը հաղթել է Երևանի 13 ընտրատեղամասերից երկուսում՝ Կենտրոն վարչական շրջանի 9-րդ և 10-րդ տեղամասերում, նաև որոշ քաղաքներում, օրինակ Գյումրիում՝ գրեթե 5000 ձայնի տարբերությամբ: Հանրապետության երկրորդ քաղաքում մոտ 22,000 ընտրող «այո» է քվեարկել սահմանադրության փոփոխություններին, մոտ 27,000-ը՝ «ոչ»: Մարալիկում սահմանադրական փոփոխություններին «ոչ» է ասել 1233-ը, «այո»՝ 862-ը։
Սյունիքի 5 գյուղերում՝ Ներքին Խնձորեսկում, Սանահատում, Քաշունիում, Խդրանցում և Գուդեմնիսում, ըստ ընտրատարածքային հանձնաժողովների տրամադրած տվյալների, հանրաքվեին մասնակցությունը 100 տոկոսանոց է եղել։ Ընդ որում, գյուղերից մեկում 822 հոգի է միաբերան «այո» ասել։
«Ոչ»-ի միասնական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը երեկ գիշեր հայտարարեց «ծանրագույն կեղծիքների» մասին, նրա խոսքով՝ մոտ կես միլիոն ձայն է կեղծվել: Զուրաբյանի հայտարարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր քաղաքական գնահատական որակեց:
«Ես չգիտեմ դա ինչ հիմքով է արվում կամ ինչ դատողություններ են արվում: Տարաբնույթ գնահատականներ կարող են հնչել, բայց նախ պետք է ունենան փաստական հիմք: Կներկայացվե՞ն՝ դրանք բոլորը սահմանված ժամկետներում կքննարկվեն և դրանց վերաբերյալ իրավական դիրքորոշումներ կլինեն», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Մուկուչյանը՝ շարունակելով․ - «Իսկ քաղաքական գնահատականներ, մոտեցումներ միշտ էլ հնչել են, կարող են հնչել»:
ԿԸՀ նախագահը երեկ այդպես էլ չհանդիպեց դեկտեմբերի 1-ից Ազատության հրապարակում իշխանափոխության կոչերով հանրահավաք անցկացնող «Նոր Հայաստանի» ներկայացուցիչներին։ Նրանց խոսքով՝ երեկ արձանագրված խախտումներն հանրաքվեն անվավեր ճանաչելու հիմք են։ Տիգրան Մուկուչյանն այս առնչությամբ այսօր ասաց․ - «Մեր ներկայացուցիչը անգամ երկու անգամ է հանդիպել վերջիններիս հետ՝ խնդրելով, եթե կա դիմում՝ կարող են փոխանցել, եթե ցանկանում են դիմում ներկայացնել, կարող է տրամադրել նույնիսկ թուղթ, հնարավորություն, որպեսզի նրանք գրեն՝ ներկայացնեն: Եվ, բնականաբար, եթե կներկայացվի նման դիմում, այդ դիմումը կդառնա պատշաճ քննարկման առարկա: Հակառակ պարագայում՝ տարաբնույթ տեսակետների վերաբերյալ զրույցները և այլն, ըստ էության որևէ իրավական ընթացակարգի չեն ենթարկվում»:
Ընտրատարածքներ ստացվել են նաև վերահաշվարկի պահանջով դիմում-բողոքներ։ ԿԸՀ-ն այժմ դրանք ամփոփում է։ Վերջնական արդյունքները կհրապարակվեն քվեարկության օրվանից հետո` յոթերորդ օրը: