Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը վստահ է, որ ճիշտ որոշում է կայացրել, երբ մերժել է Ազատության հրապարակում շուրջօրյա ակցիաներ անցկացնող ընդդիմադիրների՝ վրաններ և շարժական զուգարաններ տեղադրելու խնդրանքը:
Նախարարը մտավախություն հայտնեց, թե քաղաքական միջոցառումների մասնակիցները կարող են վնասել հուշարձանները․ - «Մեր ծառայություններից կարող եք վերցնել, թե այս տարիների ընթացքում այդ բոլոր հանրահավաքների արդյունքում ինչ վիճակում են հայտնվում օպերային թատրոնի շենքի պատերը, ինչ վիճակում են հայտնվում հուշարձանները, որոնք տեղադրված են այդ հրապարակում: Ի վերջո, մենք ժամանակի մեջ պետք է մտածենք, որ այդ հրապարակը Թատերական հրապարակ է և պետք է ծառայի առաջին հերթին մշակույթին»:
Պողոսյանը ասաց, թե այդ մտավախությունը գալիս է անցյալից՝ առանց, սակայն, մանրամասնելու, թե նախկինում ովքեր կամ ինչ միջոցառման ժամանակ են վնասվել հուշարձանները:
Նա պնդեց, թե նախարարությունն ունի կոնկրետ փաստեր, որոնք վկայում են՝ շուրջօրյա նստացույցը հիմա կարող է խնդիրներ առաջացնել Ազատության հրապարակում, որը, հիշեցնենք, խորհրդային վերջին տարիներից ի վեր երկրի քաղաքական պայքարի հիմնական հարթակն է․ - «Մարդիկ, ովքեր դիմում են այդ խնդրանքներով, միշտ չեն կարող պատասխան տալ այն մարդկանց համար, ովքեր օգտվում են առիթից և ապականում են»:
Երևանի քաղաքապետարանը «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժմանը արգելել էր վրաններ տեղադրել Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքների ժամանակ՝ վկայակոչելով Մշակույթի նախարարության մտավախությունը, թե տարածքում վրան կամ շարժական զուգարան տեղադրելը կարող է վնասել հուշարձանները: