Մատչելիության հղումներ

«Նոր Հայաստան»-ը վրաններ տեղադրելու մասին իրազեկում է ներկայացրել քաղաքապետարանին


Ժիրայր Սեֆիլյան
Ժիրայր Սեֆիլյան

Ժիրայր Սեֆիլյանը համոզված է՝ իշխանափոխությունը օրերի հարց է, Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է արվելու մինչև սահմանադրական հանրաքվեն։

«Մոտենում ենք եզրագծին, առաջիկա օրերը արտառոց օրեր են լինելու հայ ժողովրդի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը։

Վաղվանից մեկնարկող շուրջօրյա հանրահավաքների համար Ազատության հրապարակում գուցե վրաններ տեղադրվեն: «Նոր Հայաստան» շարժումն այսօր իրազեկել է քաղաքային իշխանություններին, թույլտվությունը դեռ չկա, բայց համոզված են, որ դրա անհրաժեշտությունն էլ չկա, քանի որ չընդհատվող հավաքի դեպքում վրանի և շարժական զուգարանի տեղադրումն իրավաչափ է։

Իսկ իրավապահները, արձագանքելով առաջարկին՝ հանդիպել և քննարկել անվտանգության լրացուցիչ միջոցների հարցը, հայտարարում են, թե առաջիկա օրերին իրականացնելու են ուժեղացված ծառայություն: Միաժամանակ ոստիկանությունը զգուշացնում է, որ պարբերաբար ստանում է հավաքների անցկացման ընթացքում որոշակի անձանց կողմից սադրիչ կամ անօրինական գործողություններ կատարելու հավանականության մասին տեղեկություններ և ձեռնարկում է դրանք խափանելու միջոցներ։

«Մենք վստահում ենք մեր ժողովրդին, ոչ թե գործող հակահայ ռեժիմը ներկայացնող իրավապահ մարմիններին, սակայն անպայման իրենց առիթ տալու ենք, որ իրենց գործառույթում գործեն։ Իսկ եթե չենթարկվեն այս պահանջին, մեր ժողովուրդը կստիպի»,- ասաց Սեֆիլյանը։

Ժիրայր Սեֆիլյանը համոզված է՝ իշխանափոխությունը օրերի հարց է, Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է արվելու մինչև սահմանադրական հանրաքվեն։

«Եթե նա գիտակցի պահի լրջությունը և հերթական անգամ չփորձի արհամարհել հայ ժողովրդին, առնվազն իրեն հավանաբար սպասում է յանուկովիչյան տարբերակը։ Իսկ եթե նա փորձի դիմադրել, շատ ավելի վատթարագույնը կարող է լինել, մինչև Չաուշեսկուի տարբերակը։ Ընտրությունը նրանն է, մեր հորդորն է, որ ռեժիմի պարագլուխը փորձի նահանջը կազմակերպել ոչ բռնությամբ, և այս ամբողջից մենք դուրս գանք խաղաղ մեթոդով»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Ընդդիմադիր այս ճակատին չի բավարարի անգամ հանրաքվեի կասեցումը: Եթե այդպիսի որոշում լինի, հրապարակում անժամկետ պայքարը կշարունակվի օրակարգի երկրորդ փուլով.- «Բանակցություններ ռեժիմի կապիտուլյացիայի օրակարգով»,- ասաց Սեֆիլյանը։

Միաժամանակ «Նոր Հայաստան»-ը, որի կազմում Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն»-ն էլ է, քննարկում է նաև, թե ինչ կլինի հեղափոխության հետ, եթե Սեֆիլյանն ու ընկերները նորից կալանավորվեն՝ հաշվի առնելով, որ դեռ մեղադրյալի կարգավիճակում են։

«Մեր կալանավորման օրակարգը Բաղրամյան 26-ում միշտ առաջին պլանում է գտնվում։ Եթե կալանավորեն, մենք մեր նպատակին հասնելու ենք բանտերից։ Իրենք հասկանում են, որ մեր ընթացքը այլևս կասեցնել հնարավոր չի լինելու»,- ընդգծեց Սեֆիլյանը։

XS
SM
MD
LG