Մատչելիության հղումներ

Զուրաբյանը «ընդհանուր առմամբ շատ հաջող» է գնահատում իրենց քարոզարշավը


Ընդդիմադիր ՀԱԿ և ՀԺԿ կուսակցությունների ձևավորած «Ոչ»-ի համատեղ շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով, հանրաքվեի իրենց քարոզարշավն «ընդհանուր առմամբ անցել է շատ հաջող»՝ չնայած ամփոփիչ հանրահավաքը նախորդներից պակաս բազմամարդ էր:

«Եթե հանրահավաքներից խոսենք, իշխանությունը անգամ մեկ փոքր հանրահավաք չի կարողացել հավաքել: Չէր կարող հավաքել, որովհետև ժողովրդի ատելությունը այնքան մեծ է, որ այդ հանրահավաքին իրենք մարդ չէին ստանա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զուրաբյանը:

Ամփոփիչ հանրահավաքի սակամարդ լինելը, ըստ նրա, շատ պարզ պատճառ ուներ՝ եղանակային պայմաններ գումարած իշխանական ճնշումներ․ - «Երևանցիները ավելի քիչ էին եղանակի պատճառով, իսկ մարզերից մարդկանց ուղղակի կտրել էին: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որ մեր կողմնակիցները ճամփա են ընկել, ասենք, Գյումրիից կամ Վանաձորից, բայց հասել են, ասենք, Ապարան, որից հետո ավտոբուսի վարորդը հետ է քշել մեքենան, որովհետև նրան սպառնացել են ուղղակի աշխատանքից ազատել և այլն: Այսինքն իշխանությունը իր ամբողջ զինանոցը նորից կիրառեց, որպեսզի հանրահավաքում ինչքան հնարավոր է քիչ մարդ լինի»:

Հանրապետական կուսակցության ղեկավար անդամ Հովհաննես Սահակյանի կարծիքով, քարոզչության ժամանակ ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն հանդիպել խոչընդոտների, որոշ դեպքերում հենց ընդդիմադիրներ են ագրեսիվ եղել․ - «Ես պետք է հորդորեմ և կոչ անեմ հատկապես «Նոր Հայաստան»-ի առաջնորդներին, որ ժողովրդավարության հետևից գնացող ուժը պետք է առաջինը ինքը հետևի և օրենքի տառին համապատասխան գործողություններ կատարի: Եթե դու կոչ ես անում անհնազանդության և այլն, դա ոչ մի լավ տեղ չի տանելու»:

Սահակյանի գնահատմամբ՝ ՀՀԿ-ի քարոզարշավը ոչ թե պասսիվ էր, այլ զուսպ․ - «Գիտակցված մի փոքր քարոզչության առումով, այսպես ասած, զսպողական մոտեցում էր: Ամբողջ գործընթացը մոնիթորինգի տակ էր»:

Լևոն Զուրաբյանը պնդում էր, թե ճնշումները ընտրական հանձնաժողովներում ՀԱԿ-ի անդամների վրա շարունակվում են․ պարզապես իրենց ներկայացուցչին կաշառելու բացահայտված դեպքից հետո «մի փոքր ավելի զգույշ են»:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) ներկայացուցիչների հետ այսօրվա հանդիպմանը ՀԱԿ-ի փոխնախագահը պատմել է այդ ճնշումների, նույնականացման քարտերով բազմակի քվեարկության հնարավորության մասին:

«Ընտրակաշառքների, հազար ու մի այլ ձևի խախտումների, ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործման փաստերը և ընդհանրապես վիճակը ներկայացրեցինք: Կարծում եմ, որ արդեն բավականին լուրջ պատկերացում հյուրը ստացավ», - փոխանցեց նա:

Զուրաբյանի խոսքով՝ ընտրակեղծարար մեքենան չի կարող ոչինչ անել՝ եթե ժողովուրդը գնա ու համատարած «ոչ» քվեարկի․ - «Իսկ իրավիճակը մոտ է դրան: Մոտ է նրան, որ ժողովուրդը իր ակտիվությամբ կարողանա հաղթել ընտրակեղծարարության մեքենային»:

Հանրաքվեի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 7-ին ՀԱԿ-ը կանցկացնի հետընրտական հանրահավաք․ - «Մարդկանց տրամադրությունների առումով մենք ջախջախիչ հաղթանակ արդեն էս պահին ունենք: Իշխանությունն էլ դա շատ լավ գիտի: Եվ իշխանությունը միակ հույսը դրել է ընտրակեղծարարության վրա»:

«Հետընտրական պրոցեսները, երբ որ պարտվող կողմը չի կարողանում հաշտվելու ուժ գտնել, փորձում է մեղադրել հաղթող կողմին: Սա էլ ընտրական մշակույթի բացակայությունն է մեր մոտ, և քաղաքական համակարգի ոչ էդքան կայուն լինելը» - հակադարձեց Հովհաննես Սահակյանը:

XS
SM
MD
LG