Մատչելիության հղումներ

Լևոն Զուրաբյան․ Ունենք ուղղակի ահազանգերի տեղատարափ


Լևոն Զուրաբյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ
Լևոն Զուրաբյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ շուրջ երկժամյա դռնփակ հանդիպումից հետո Զուրաբյանը երեկ ասաց, թե հնարավոր է, որ նոր հաղորդումներ ներկայացնեն իրավապահներին:

Հատուկ քննչական ծառայությունն առայժմ չի հաղորդում՝ արդյո՞ք ձերբակալվել է ընտրական հանձնաժողովի այն անդամը, ով, ընդդիմության պնդմամբ, փորձել է կաշառել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցչին:

Գլխավոր դատախազությունը ձերբակալելու ցուցումը դեռ երեք օր առաջ էր տվել։ Դատախազությունը քրեական գործը հարուցել էր ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ներկայացրած տեսագրության հիման վրա:

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ շուրջ երկժամյա դռնփակ հանդիպումից հետո Զուրաբյանը երեկ ասաց, թե հնարավոր է, որ նոր հաղորդումներ ներկայացնեն իրավապահներին․ - «Ունենք ուղղակի տեղատարափ ահազանգերի: Խնդիրն այն է, որ մենք պետք է ամեն գործի բացահայտման հիմնավորվածությունը պարզենք, նոր դիմենք այս քայլին»:

Իսկ դատախազության արձագանքը Զուրաբյանը պատշաճ, բայց ոչ բավարար է գնահատում։ Նա փոխանցեց, որ հանդիպման ժամանակ պնդել է, որ պատասխանատվության պետք է ենթարկվի ոչ միայն կատարողը, այլև պատվիրատուն․ - «Ուղղակի բացառում եմ այն տարբերակը, որ, ասենք, հանձնաժողովի նախագահը կարող էր կաշառք տալ Սահմանադրությունը անցկացնելու նպատակով՝ ունենալով զուտ անձնական շահագրգռություն: Այդքան սիրահարվե՞լ է Սահմանադրության նոր նախագծին․․․ Բացառվում է։ Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ կարող է լինել մեկ դրդապատճառ՝ դա վերևից տրված հրահանգ է, իշխանության հրահանգն է»։

Ընտրողներին կաշառք բաժանելու վերաբերյալ «Ոչ»-ի ճակատն առայժմ ստույգ տեղեկություններ չունի: Զուրաբյանի տպավորությամբ, իշխանությունն այս անգամ շեշտը դրել է հանձնաժողովի անդամներին ճնշելու կամ կաշառելու վրա։ Կեղծարարություններն արձանագրելու նպատակով, ՀԱԿ-ի ներկայացուցիչները պատրաստվում են հսկել գաղտնի տեսաձայնագրող սարքերով:

«Հասկանալի է արդեն, թե որ ուղղությամբ պետք է գործել, որ ընտրակեղծարարների ձեռքը բռնենք՝ գաղտնի նկարահանումներ, ձայնագրություններ, որը թույլ կտա այդ ապօրինությունների մասին փաստերը անհերքելի ձևով ներկայացնել դատախազությանը», - նշեց ընդդիմադիր գործիչը:

ՀՀԿ-ում անհեթհեթ են որակում ընդդիմադիրների պնդումները։ Իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է , թե հանձնաժողովի անդամներին կաշառելու մեջ իրենք «շահ չունեն»․ - «Իշխանությունը նման թեմաներով չի զբաղվում, իշխանությունը կանխարգելիչ գործողություններ է ծավալում»:

XS
SM
MD
LG