Արյունալի բախումներից չորս օր անց ադրբեջանական Նարդարանում լարվածությունը դեռ շարունակվում է՝ բնակավայրը փաստացի շրջափակման մեջ է, Նարդարան մտնելու իրավունք ունեն միայն տեղական գրանցում ունեցողները։
Շրջանի կենտրոնում օրեր շարունակ բողոքի ակցիաներ իրականացնող տեղացիները համաձայնել են ապամոնտաժել վրաններն ու ազատել հրապարակը՝ փոխարենը իշխանություններից պահանջելով ընտանիքներին հանձնել բախումների ժամանակ զոհված նարդարանցիների դիակները, վերականգնել շրջանի հոսանքագիծը և վերջ տալ տարածքի ուժեղացված հսկողությանը։
Նարդարանցիների առաջնորդ Նաթիգ Քարիմովը «Ազատության» ադրբեջանական ծառայությանը փոխանցել է, որ Ադրբեջանի իշխանությունները սպառնացել են զորք մտցնել շրջան։
«Մենք որոշել ենք խուսափել արյունահեղությունից, զիջումների գնալ և վրաններից մաքրել հրապարակը»,- ասել է Քարիմովը։
Նոյեմբերի 26-ին ադրբեջանական ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացել Նարդարանում, որը պաշտոնապես ներկայացվել է որպես պայքար արմատական իսլամական զինված խմբի դեմ: Գործողության ընթացքում վեց մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու ոստիկան։ Հաղորդվում է տասնյակ ձերբակալվածների մասին։
Բաքվից ընդամենը 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս շրջանը հայտնի է իր խիստ իսլամապաշտ բնակչությամբ։ Խորհրդային տարիներից ի վեր մոտ 10 հազար բնակչություն ունեցող շրջանը կառավարվում է ավագների խորհրդի կողմից, որը չի ենթարկվում տեղական ինքնակառավարման մարմիններին։
Նարդարանի և պաշտոնական Բաքվի միջև լարվածությունը գագաթնակետին հասավ նոյեմբերի 26-ին, երբ ցերեկային նամազի ժամանակ Ադրբեջանի իրավապահները ներխուժեցին ավան, ինչն էլ հարուցեց հավատացյալների դժգոհությունը։ Ըստ ոստիկանության՝ հավատացյալները հարձակվել են իրավապահների վրա, զինված դիմադրություն են ցույց տվել, ինքնաձիգից կրակել են, ոստիկաններն էլ պատասխան կրակ են բացել:
Ադրբեջանական դատախազությունը պաշտոնական հայտարարությամբ պնդել է, որ Նարդարանի արմատական իսլամական զինված խումբը սադրանքների շարք էր նախապատրաստում՝ ահաբեկչական գործողություններ և զանգվածային անկարգություններ:
«Չենք հավատում պաշտոնական տեղեկատվությանը»,- «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում մեկնաբանելով նարդարանյան դեպքերը՝ ասել է Բաքվի բնակիչներից մեկը.- «Չեմ կարող գնահատական տալ տեղի ունեցածին, քանի որ բավարար չափով տեղեկացված չեմ։ Իսկ տեղեկատվության պակասը Ադրբեջանում սովորական երևույթ է, բայց պաշտոնական հայտարարություններին չեմ հավատում։ Մինչ այդ էլ տասնյակ անմեղ մարդկանց էին ձերբակալել, այդ թվում՝ Խադիջա Իսմայիլովային»։
«Վերջապես ժամանակն է Նարդարանում կարգուկանոն հաստատել։ Այնտեղ միշտ էլ այդպես էր, նույնիսկ Հեյդար Ալիևի իշխանության տարիներին նրանք չէին ենթարկվում պետությանը։ Ի վերջո մենք կառավարություն ունենք, օրենքներ»,- ասել է Բաքվի մեկ այլ բնակիչ։