Մատչելիության հղումներ

Բաքվում ձերբակալել են «սահմանադրական կարգը փոխել ծրագրող» անձանց, կան զոհեր


Տունը, որը գրոհել են ոստիկանները, Նարդարան ավան, Ադրբեջան, 26-ը նոյեմբերի, 2015թ.
Տունը, որը գրոհել են ոստիկանները, Նարդարան ավան, Ադրբեջան, 26-ը նոյեմբերի, 2015թ.

Բաքվին մոտ գտնող Նարդարան ավանում այսօր բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և հավատացյալների միջև: Ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացել, որը պաշտոնական Բաքուն ներկայացնում է որպես պայքար արմատական իսլամական զինված խմբի դեմ: Պաշտոնապես հայտարարվել է, որ գործողության ընթացքում վեց մարդ է զոհվել, որոնցից երկուսը ոստիկան են:

Բաքվի քաղաքային 3-րդ հիվանդանոցի գլխավոր բժիշկը «Թրենդ»-ին հայտնել է, որ իրենց մոտ երեք վիրավոր է տեղափոխվել: Բժիշկը նրանց վիճակը բավարար է գնահատել:

Նարդարանում ձերբակալվածների թվում է ադրբեջանցի հավատացյալների համար հեղինակավոր մահմեդական գործիչ Թալե Բաղիրզադեն։ Մահմեդական կրոնի հայտնի տեսաբան Բաղիրզադեն «Մահմեդական միասնություն» կազմակերպության ղեկավարն է:

Ըստ «Իսլամազերի» կայքի՝ ոստիկանական հատուկ գործողությունը իրականացվել է ցերեկվա նամազի ժամանակ, որն առաջացրել է հավատացյալների դժգոհությունը: Ոստիկանությունը հաղորդում է, որ հավատացյալները հարձակվել են իրավապահների վրա, զինված դիմադրություն են ցույց տվել, ինքնաձիգից կրակել են, ձեռքի նռնակ նետել, ոստիկաններն էլ պատասխան կրակ են բացել:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ոստիկանությունը հանդես են եկել հայտարարությամբ, ուր նշված է.- «Արմատական իսլամական զինված խումբը սադրանքների շարք էր նախապատրաստում, ահաբեկչական գործողություններ և զանգվածային անկարգություններ: Խմբին վնասազերծելու նպատակով ներքին գործերի նախարարությունը դիմել է անհրաժեշտ քայլերի»։

«Պարզվել է, որ Թալե Բաղիրովը, Էլման Աղաևը, Զուլֆուգար Միքայիլովը և Աբուլֆազ Բունյաթովը պլանավորում էին ուժի գործադրմամբ փոխել սահմանադրական կարգը և երկրում շարիաթի օրենքներ մտցնել: Այդ նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» կոչվող շարժումը: Նրանք Բաքվից ու երկրի այլ շրջաններից համակիրներ են հավաքել՝ նրանց մատակարարելով զենք ու զինամթերք»,- նաև ասված է հաղորդագրությունում։

Ադրբեջանի գխավոր դատախազությունը և ոստիկանությունը պնդում են, որ նրանք անօրինական հավաք են անցկացրել Նարդարանում՝ քննարկելով իշխանությունների դեմ անհնազանդության ակցիաների կազմակերպման հարցերը: Բացի այդ՝ պետական պաշտոնյաների ցանկ է կազմվել, որոնց դեմ նախապատրաստվել են ահաբեկչական գործողություններ։

Հաղորդվում է նաև, որ ձերբակալվել է 14 մարդ:

Գլխավոր դատախազությունը քրեական գործ է բացել, միջոցներ են ձեռնարկվում այդ շարժման մյուս մասնակիցներին ևս հայտնաբերելու համար:

Իրավիճակը Նարդարանում դեռ լարված է, հարյուրավոր մարդիկ են հավաքվել ու մյուսներին կոչ են անում միանալ իրենց: Նրանք քարերով փակել են Նարդարան տանող ճանապարհը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG