Մատչելիության հղումներ

Լևոն Զուրաբյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ հաղորդման մեջ առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմքեր:

Ըստ դատախազության, դատախազի որոշմամբ՝ հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելով առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:

«Քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից ցուցում է տրվել Զուրաբյանի հաղորդմամբ ներկայացված հանգամանքները, դրանք տրամադրած անձի կողմից հաստատելուց հետո, հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալել, որպես կասկածյալ հարցաքննել հաղորդման մեջ նշված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին և դիմել պատկան մարմնին՝ վերջինիս լիազորությունների դադարեցման հարցը քննարկելու համար», - ասված է դատախազության հաղորդագրությունում:

Հայ ազգային կոնգրեսը, հիշեցնենք, Գլխավոր դատախազությանն էր փոխանցել տեսագրություն, որում, ընդդիմադիրների պնդմամբ, երևում է, թե ինչպես են կաշառում երևանյան ընտրական հանձնաժողովներից մեկի իրենց ներկայացուցչին: Նախաքննությանը չվնասելու համար ընդդիմադիրներն առայժմ չեն հրապարակում, թե ով է եղել կաշառք առաջարկողն ու ինչ գումարի մասին է խոսքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG