Մատչելիության հղումներ

Մամեդյարովը կրկին պնդել է, որ Ռուսաստանը առաջարկներ է ներկայացրել ԼՂ կարգավորման համար


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը շարունակում է պնդել, որ Ռուսաստանը առաջարկներ է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

«Բոլորը համաձայն են, որ ամենամեծ խնդիրը ադրբեջանական տարածքների օկուպացիայի շարունակումն է: Անվտանգության առումով դա խնդիրներ է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»,- այսօր Բաքվում ասել է Մամեդյարովը՝ նշելով, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը առաջարկները ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից:

«Միջնորդների վերջին այցելության ժամանակ առաջարկ է արվել կազմակերպելու Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում: Մենք համաձայնել ենք, որ հանդիպումը տեղի ունենա մինչև այս տարեվերջ: Համանախագահները աշխատում են այս հարցի վրա»,- ասել է նա:

Մամեդյարովը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Բաքվում կայացած մամուլի համատեղ ասուլիսում՝ նշելով, որ իրենց հանդիպմանը Չավուշօղլուին է ներկայացրել բանակցային գործընթացի ներկայիս իրավիճակը: Թուրքիայի նոր ձևավորված կառավարությունում արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերստին նշանակված Չավուշօղլուն առաջին արտերկրյա այցը կատարել է Ադրբեջան: Նա հանդիպել է Ադրբեջանի ղեկավարներին՝ նախագահին, խորհրդարանի նախագահին, վարչապետին, արտգործնախարարին:

Իլհամ Ալիևը Չավուշօղլուի հետ հանդիպմանը անդրադարձել է ռուս-թուրքական լարված հարաբերություններին: Նա ասել է, թե Ադրբեջանը պատմականորեն սերտ կապեր ունի թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի հետ և ափսոսում ու անհանգստացած է նրանց միջև ստեղծված լարված հարաբերությունների կապակցությամբ: Նա ասել է, թե Ադրբեջանը պատրաստ է ջանքեր գործադրել այդ լարվածությունը նվազեցնելու և վերացնելու համար: Թուրքիայի արտգործնախարարի ու Ադրբեջանի նախագահի հանդիպմանը քննարկվել է նաև Ղարաբաղի խնդիրը:

Հաղորդվում է, որ խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը Չավուշօղլուն, անդրադառնալով ռուսական օդանավի միջադեպից հետո Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ստեղծված լարված իրավիճակին, հույս է հայտնել, որ այն կհարթվի դիվանագիտական ճանապարհով:

«Մենք որևէ լարվածություն չենք ցանկանում: Մենք կարծում ենք՝ խնդիրը կարող ենք լուծել դիվանագիտական ճանապարհով»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ասել է նա:

Չավուշօղլուն նաև հայտնել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում պայմանավորվել են հանդիպել Բելգրադում, որտեղ դեկտեմբերի 3-4-ը ԵԱՀԿ համաժողով է անցկացվելու:

«Ես կարծում եմ՝ առաջիկա օրերին լարվածությունը կնվազի»,- հույս է հայտնել Թուրքիայի արտգործնախարարը:

Չավուշօղլուն Մամեդյարովի հետ ասուլիսում անդրադարձել է նաև Ադրբեջանի ներքին իրավիճակին՝ Նարդարան ավանում մեկ օր առաջ տեղի ունեցած միջադեպը գնահատելով ահաբեկչություն: Չավուշօղլուն ասել է, թե այդ հարցում Թուրքիան կաջակցի Ադրբեջանին՝ նշելով, որ Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարի փորձ ունի:

Նարդարանում հավատացյալների ու ոստիկանների միջև բախումների հետևանքով պաշտոնական տվյալներով 6 մարդ է զոհվել, որոնցից 2-ը ոստիկան են: Կան վիրավորներ, մեկ տասնյակից ավելի ձերբակալվածներ, այդ թվում՝ հավատացյալների համար հեղինակավոր մահմեդական գործիչ Թալե Բաղիրզադեն։ Իշխանությունները պնդում են, որ զինված հանցավոր խմբավորումը պատրաստվում էր փոխել Ադրբեջանի սահմանադրական կարգը ու իսլամական օրենքներ՝ շարիաթ հաստատել:

Այսօր տեղի է ունեցել բախումների ընթացքում զոհված երկու ոստիկանի հուղարկավորությունը, իսկ չորս սպանված քաղաքացիական անձանց մարմինները հարազատներին դեռ չեն հանձնել: Նարդարանի աքսակալների խորհրդի նախագահ Մեշեդի Նաթիք Քերիմովը ասել է, որ Նարդարանի բնակիչները պատրաստվում են հանդիպել իրավապահների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը: Սակայն Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե մտադիր չէ բանակցություններ վարել ծայրահեղական, հանցավոր զինված խմբավորման հետ:

Գիշերը Նարդարանում համեմատաբար խաղաղ է անցել՝ առանց ընդհարումների: Բնակիչները հերթապահել են փողոցներում, քարերից բարիկադներ կառուցել:

XS
SM
MD
LG